Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. «Եղծ աղանդոց»։– Եզնիկի ինքնագիր երկերից մեզ հասել է մեկ շատ կարևորը, դժբախտաբար միակ ձեռագիր օրինակով։ Դա առաջին անգամ տպագրվել է 1763 թ. Զմիռնիայում «Գիրք ընդդիմութեանց» վերնագրով[1]: Վենետիկում 1826 և 1850 թվերին նույնը տպագրված է այս վերնագրով. «Եզնըկայ Կողբացւոյ Բագրեւանդայ եպիսկոպոսի Եղծ աղանդոց»։ Հետագա տպագրությունների ժամանակ պահվել է սույն «Եղծ աղանդոց» վերնագիրը[2], որով հայտնի է այդ գիրքը: Եզնիկի այս աշխատությունն իսկապես մի «հակաճառութիւն» կամ «յանդիմանութիւն» է, և պետք էր կոչել այն՝ «Հակաճառութիւն (կամ յանդիմանութիւն) աղանդոց փիլիսոփայից և հերձուածողաց և քէշին պարսից»[3]: Այդպես անվանել են 5-րդ դարում նման գրվածքները, որոնք ուղղված են եղել «ոչ ուղիղ» մտածող հակառակորդների ուսմունքների դեմ։ Եվ Եզնիկն իր երկի մասին խոսելիս գործածում է «ճառել, ճառ, յանդիմանել» բառերը։ Բացի վերնագրից՝ այդ գրվածքի մեջ կան և ուրիշ պակաս մասեր, առանձնապես Պղատոնի փիլիսոփայության վերաբերյալ։

  1. «Գիրք ընդդիմութեանց, արարեալ ի սրբոյ Եզնակ Կողբացւոյ Հայոց վարդապետէ և յաշակերտէ մեծի թարգմանչին մերոյ սրբոյն Մեսրոպայ»։ Առաջաբանի մեջ Հակոբ պատրիարքը գրում է. «Զերկար ճառակերպ գրեալսն՝ ըստ զանազանիցն պարբերութեանց իմացուածոյն ի գլուխս 76 բաժանեցի, զի ընթերցողացն բարձցի ձանձրութիւն, և հրաման ետու տպագրեցման»։
  2. «Եզնըկայ վարդապետի Կողբացւոյ Եղծ աղանդոց», Փարիզ, 1860. նույնը նաև Թիֆլիզ, 1914։ Ա յ ս վ ե ր ջ ի ն ը մ ե ր ա յ ս տ ե ղ գ ո ր ծ ա ծ ա ծ ն է։
  3. Եզնիկն, ինչպես և ուրիշները, «աղանդ» բառը գործածում է «կրոնք» բառի նշանակությամբ նաև փիլիսոփաների համար, օրինակ՝ «ի պէսպէս աղանդս փիլիսոփայից և հերձուածողաց» (էջ 104)։ Տե՛ս և էջ 159, 164. իսկ էջ 142՝ «Են բազում կրօնք փիլիսոփայից»։