Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս. Գրքին դիմելիս նա սովորաբար մեկնության ուղին է բռնում։ Իսկ ոչ քրիստոնյաների դեմ նրա զենքն է տրամաբանական դատողությունը, դիալեկտիկան։ Բերում է ընդդիմակների կարծիքները՝ սովորաբար «ասեն» բառով, և մի առ մի քննարկում է, կարծես թե նրանց հետ, դեմ ու դեմ կանգնած, վիճելով. զի յորժամ ճշդիւ մրցութիւնք լինիցին,— գրում է նա,— դիւրաւ զյայտնութիւն ճառիցն յանդիման կացուցանիցեն» (էջ 26, Ժ.)։ Նա բանավարությունն անում է հաճախ դիլեմմայով, երկու հակառակ նախադասություններից կազմված արգումենտով, որ տանում են մի եզրակացության։ Օրինակ՝ պարսից քեշի սկզբնական աստուծու, Զրուանի գոյությանը մերժելու համար՝ նա այսպես է բանավարում։ Ինչ որ կա,— ասում է նա,— կա՛մ արարիչ է, կա՛մ արարած։ Զրուանն արարիչ չէ, որովհետև Որմիզդն ու Արհմն են արարիչ ըստ պարսից քեշին։ Զրուանն արարած էլ չէ, որովհետև, ըստ պարսից քեշի, Զրուանից առաջ վեհագույն ոչինչ, և նույնիսկ ոչ մի բան չեն դնում, որ նրան ստեղծեր։ Ապա ուրեմն Զրուանը չի եղել և չկա։

4. Հորինելու արվեստը։— Եզնիկի այս երկն աչքի է ընկնում և մատենագրական արժեքով, իր գեղեցիկ ձևով։ Դա մի արձան է հեղինակի բազմակողմանի ծանոթության, մեծ հմտության, նուրբ ու ճիշտ մտածության, այլև հայոց լեզվի, որ իր գրականության սկզբում ընդունակ է եղել վերացականի կանոնավոր, ճիշտ ու պարզ արտահայտության, հստակ ու վճիտ ոճով։ Չկան դեռ գիտական որոշ տերմիններ, բայց Եզնիկը կարողանում է գտնել հարկավոր բառերը (երբեմն նույն նշանակության համար երկու-երեքը, ինչպես են՝ չորս տարր (էջ 57), չորս հիւթ (էջ 64), չորս բնութիւն (էջ 9)[1], անձնիշխանութիւն, կամակար իշխանութիւն, կամակարութիէն (էջ 30)[2]։ Չկան դեռ, օրինակ, «բաղադրել», «բաղադրեալ» բառերը, որոնց փոխանակ գործածում է՝ յօդել[3], յօդուածոյ։ Բայց կան արդեն այսպիսի բաղադրյալ բառեր՝ առլնուլ (որի փոխանակ գործածում է և լնուլ), յառաջադրել (էջ 34), կանխագէտ (էջ 55)։ Երբեմն տերմինների պակասը լրացնում է վերացական նշանակության համար ֆիզիկական նշանակություն ունեցող բառերի գործածությամբ, կամ շրջաբանությամբ, օրինակ՝ «այն յորում էն, քան զայն որ ի նմա էն՝ մեծ գտանի», որ այժմ արտահայտում ենք այսպես՝ պարունակողը պարունակյալից մեծ է։ Բայց չնայելով դրան՝ նրա գրությունը միշտ հեշտ հասկանալի է մնում, միաժամանակ և հաճելի։ Նա հորինում է բազմազան ու դաշնակավոր, ընտիր և ազնիվ ոճով, որին հատուկ է պեսպիսությունը համանիշ բառերի գործածությամբ։ Շատ անգամ վերացական միտքը նա պարզում է համեմատությամբ, թանձրացական, կոնկրետ պատկերով բնությունից։ Օրինակ՝ հենց սկզբում գտնում ենք նույն մտքի պես-պես

  1. «Յաճախապատում», չորս նիւթ (28, 174), տարր (31, 27):
  2. «Յաճախապատում»՝ նույնը, այլև՝ ազատ կամք:
  3. «Յաճախապատում»՝ նույնը, այլև՝ կազմել: