Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտամունքի վերաբերմամբ: Իրանական ծագում ունեն հայ աստվածների անունների մեծ մասը, որ են՝ Արամազդ, Վահագն, Միհր, Տիր. Պարսիկներից են անցել հայերին նաև շատ հավատալիքներ բարի ու չար ոգիների մասին, ինչպես են՝ հրեշտակ, դև, վիշապ, շահապետ, պարիկ և այլն. այլև կրոնական աշխարհայեցությունը ետմահյան կյանքի, դրախտի ու դժոխքի մասին: Այս ազդեցությունը դեռ մինչև մեր օրերն էլ ապրում էր մեր ժողովրդի սնոտիապաշտական հավատալիքների մեջ[1]: Կրոնի նկատմամբ ազդել են և ասորիները: Նրանց աստվածներից հայերի մեջ մտել են՝ Բարշամին, Նանե, Աստղիկ, Անահիտ, որոնք պաշտվում էին գլխավորապես Հայաստանի հարավ-արևմտյան կողմերում: Ասորերենից է և «քուրմ» բառը:

Բայց այդ պանթեոնը, աստվածների կաճառը, համեմատաբար ավելի ուշ ժամանակի զարգացման արդյունք է: Սկզբնական շրջանում հայերի մեջ, ինչպես առհասարակ նահապետական տոհմային հասարակությունների մեջ, եղել են մութ գաղափարներ արտաքին աշխարհի և իրեն՝ մարդու բնության մասին: Այդ նախնական ժամանակների կրոնի մեջ գտնում ենք ամենից առաջ հոգու հավատքը, մի միամիտ պատկերացում մարմինը կառավարող հոգու մասին: Դրա հետ սերտ կապված էր անիմիզմը, որով բնության բոլոր առարկաները երևակայվում էին մարդկային հոգեբանությամբ: Այդ պատկերացման հետ հետագայում, տոհմային հասարակության կազմակերպումից հետո, կապված էր բնության պաշտամունքը, աստվածացումն այն տարերային ուժերի, որոնցից կախված էր տոհմի մարդկանց բարօրությունը:

Նախնական մարդու երևակայության վրա զորեղ տպավորություն են թողել բնության երևույթներից առանձնապես ամպրոպը, փոթորիկը, հողմահույզքը, ամպերն իրենց շարժումով, գույների ու ձևերի խաղերով և շանթընկեց որոտմունքով. ապա և արեգակը, լուսինն ու աստղերը, լույսի ու խավարի հակադրությունը: Մարդու (կամ կենդանու) հատկությունները և նրա հարաբերություններն իր շրջապատի հետ՝ փոխաբերության միջոցով վերագրվել են բնության այդ երևույթներին ու լուսատուներին: Նրանց մեջ երևակայվել են առասպելական ոգիներ—մարդակերպ և կենդանակերպ դեմոններ, ապա և աստվածներ ու հերոսներ. լուսատուների և օդերևույթային շարժումները համարվել են դեմոնների կամ աստվածների գործերը: Ամեն ինչ, հարկավ, երկրային առարկաներիդ մթնոլորտային շարժումների, կենդանիների և մարդկային կյանքի նմանողությամբ կամ անդրապատկերումով: Արեգակի, ամպրոպի և այլ աստվածները պաշտվում էին նվերներով, զոհաբերությամբ ու ծեսերով: Առանձին տեղ ուներ և նախնիների,— ցեղի կամ տոհմերի վարիչ նախնի

  1. Manuk Abeghian, Der armenische Volksglaube, Leipzig, 1899. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական հավատքը: Այս աշխատության մեջ ցույց է տրված այդ ազդեցությունը մեր հին հավատալիքների ու պաշտամունքի վրա: