Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ների, նահապետների,— պաշտամունքը, որի մի ձևն էր տոտեմիզմը, առանձնակի պաշտամունքը մի տոտեմի (մի սրբազան առարկայի, օրինակ՝ մի կենդանի՝ գայլ, օձ կամ մի բույս, կամ բնության մի երևույթ՝ քամի, որոտ և այլն), որ պաշտողները համարում էին իրենց նախնին և որի անունով կոչում էին իրենց: Տոտեմների պաշտամունքի հետ հաճախ կապված է եղել նաև կենդանակերպ ոգիների ու կենդանակերպ աստվածների պաշտամունքը:

4. Գերապրուկներ:— Այս նախնական կրոնը, ինչպես և տոհմային կենցաղը, բնականաբար, միանգամից չեն վերացել, դրանց մի քանի բնորոշ առանձնահատկությունները հարատևել են երկար: Դրանց հետքերը գտնվում են ոչ միայն մեր ֆեոդալական հասարակարգի շրջանում, մեր հին առասպելների, ժողովրդական վեպի ու հավատալիքների մեջ, այլև հասել են մինչև 19-րդ դարը և երևում են անգամ մեր ժամանակի ժողովրդական հավատալիքների ու առասպելների և կենցաղի մեջ: Այդ հին շրջանի կենցաղի գերապրուկներն են եղել 19-րդ դարում՝ հայ գերդաստանի մեծությունն ու նահապետական կազմությունը. գերդաստանի հոր, այլև մեծ նանի իշխանությունն ընտանիքի մյուս անդամների, մեծ նանինը՝ հոր կենդանության ժամանակ հատկապես կանանց և երեխաների վերաբերմամբ, կանանց առևանգումն ու գնումը, և վերջապես՝ արյան վրեժխնդրությունը, որ կատարվում էր սպանվածի ազգականների ձեռով մարդասպանից կամ նրա ազգականներից: Ամբողջ գերդաստանն, ուրեմն, պատասխանատու է եղել իր անդամներից մեկի կատարած եղեռնի համար: Հին դարերում ավելի ևս մնացած են եղել այս տոհմային կենցաղի գծերը: Գերդաստանի հայրը կամ տան գլխավորը մեր թ. 2-րդ դարում, օրինակ, ինչպես երևում է, դեռ անսահման իշխանություն է ունեցել ընտանիքի մյուս անդամների վրա: Հայաստանում այդ ժամանակ կարելի է եղել առանց պատասխանատվության սպանել իր կնոջը, իր երեխաներին, նույնպես և իր անզավակ եղբորն ու քրոջը[1]: Այդ հին դարերում անպայման կատարվելիս են եղել նաև այն սպանությունները, որ Մ. Խորենացին (Բ. 60) պատմում է վիպական Արտաշեսի թաղման համար. «…Ամբոխութիւնք մեռան ի մահուանն Արտաշիսի, սիրելի կանայք և հարճք և մտերիմ ծառայք… Եւ շուրջ զգերեզմանաւն լինէին կամաւոր մահունք…»:

Առանձնապես հոգու հավատքի և նախնիների պաշտամունքի գերապրուկները նույնպես դեռ պահված են եղել մինչև 19-րդ դարի վերջերը և, հավանորեն, մինչև օրս էլ[2]: Այսպես՝ մեր օրով էլ դեռ շատերը կարծում էին, թե մարդու հոգին կարող է բաժանվել մարմնից և թափառել, «տե

  1. Eusebius, Praeparatio evangelica, VI, 10, § 12. Եվսեբիոս Կեսարեցին այդ տեղեկությունը, ինչպես և արյան վրեժխնդրության վերաբերյալ մասը, առնում է մեր թ. 2-րդ դարի հեղինակ ասորի Բարդածանից: Տե՛ս Г. Халатьянц, Очерки истории Армении, Москва, 1910, էջ 327 և հտն.:
  2. M. Abeghian, Der armenische Volksglaube.- Հոգու հավատի մասին՝ էջ 8—29: