Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասորի Դանիել եպիսկոպոսի մոտ գտնվել են հայերեն լեզվի համար ալփաբետներ,—կարծես Հայաստանի ասորի հոգևորականներին ցույց տալու համար, թե Մաշտոցից առաջ մի ասորի եպիսկոպոս է մտածել հայերեն դպրության մասին։ Մյուս դեպքն էլ այն է, թե Եդեսիայի և Ամիդի ասորի եպիսկոպոսները մեծ պատվով ընդունում են Մաշտոցին ու նրա մարդկանց և հոգում նրանց համար, և թե՝ նրանք ուրախանում են հայերեն նշանագրերի և դպրության համար։ Այս էլ կարծես ասելու համար, որ եթե ասորոց հռչակավոր եպիսկոպոսները, Ռաբուլասն և Ակակիոսը, այդ վերաբերմունքն են ցույց տվել հայ դպրության նկատմամբ, Հայաստանի ասորի հոգևորականներն էլ պիտի նույնպես վարվեն։ Եվ վերջապես, ժամանակի պարագաներով է բացատրվում և այն, թե ինչո՛ւ Կորյունը՝ 440-ական թվականներին, ուրեմն Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից առնվազն երեսունհինգ տարի հետո, այդ գրքից բերած ցիտատներով ապացուցում է, որ Մաշտոցն ու Սահակն իրավունք են ունեցել Ս. Գիրքը թարգմանելու և թե նրանք այդ արել են՝ «հայեցեալ ի տեառնաբարբառ հրամանցն բարձրութիւն»,– աչքի առաջ ունենալով տիրոջ (աստուծու) տված բարձր հրամանները։— Կորյունն ստիպված է եղել այդ անելու։

Թե այս տեսակետը ճիշտ է, այդ երևում է նույնիսկ Կորյունի հետևյալ խոսքերից, որոնց վրա ուշադրություն չեն դարձրել։ Նա իր գրքի վերջաբանի մեջ (հատվ․ ԻԸ) հայտնում է, թե Մաշտոցի կենսագրությունը համառոտ է գրել․ «զյաճախագոյնն թողեալ՝․․․ զհամառօտս կարգեցաք»,— շատը թողնելով՝ այս համառոտը գրեցինք։ Եվ իսկույն նա իր վարմունքը պատճառաբանում է այսպես. «Քանզի չէաք իսկ հանդուրժօղք՝ զամենայն արարեալսն կտակաւ նշանակել զիւրաքանչիւրս» (Սուտ Կորյուն՝ «քանզի և ոչ իսկ հանդուրժէաք բաւել կարել զամենայն արարեալս սրբոցն գրով նշանակել զիւրաքանչիւրն»), այլ ի դիւրագոյնս և ի հեշտագոյնս—յառաքելական անդր զանձինս պատսպարեցաք»։ Ւ՞նչ է ասում Կորյունն այս խոսքով։— «Հանդուրժելի բառը նշանակում է «դիմանալ»։ Բերենք երկու օրինակ դրա համար։ Ղազար Փարպեցին պատմում է, թե Սյունիքի հզոր իշխան Վասակը թշնամանալով իր փեսա Վարազվաղանի հետ՝ ուզում էր նրան սպանել։ Այդ իմանում է Վարազվաղանը,— «և զի ոչ կարէր հանդուրժել սաստիկ բռնութեան աներոյն… փախուցեալ յերկիրն Պարսից»,— և որովհետև չէր կարող դիմանալ իր աների սաստիկ բռնությանը՝ ուստի փախավ Պարսից երկիրը։ Բերենք մի ուրիշ բոլորովին համապատասխան կազմությամբ օրինակ։ Մովսես Խորենացին (Բ. 35) պատմում է, թե Աբգար թագավորի կին Հեղինեն, որ քրիստոնյա էր, «ոչ հանդուրժեաց բնակել ի մէջ կռապաշտիցն, այլ չոգաւ յԵրուսաղեմ»,— չդիմացավ կռապաշտների մեջ բնակվելուն, [ուստի նրանց մեջ չբնակվեց, այլ գնաց Երուսաղեմ։ Այսպես և Կորյունը վերևում բերված խոսքի մեջ ասում է. «Որովհետև իսկապես չէինք դիմանալ նրանց յուրաքանչյուրի բոլոր արածները գրելուն, [ուստի գրեցինք ոչ