Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անշուշտ, ոչ միայն Կորյունը, այլև ամեն մի հին հեղինակ չի կարող բավարարել հետագայի հարցասեր մարդկանց պահանջներին, որոնք հաճախ ծագել են կամ Կորյունի գրածը չհասկանալուց, կամ որևէ ուրիշ թյուրիմացություններից։ Այսպես են հետևյալները. Մաշտոցը քանի՞ նշանագիր է հորինել, երեսունվե՞ց, թե" տասնուչորս, թե՞ յոթն։ Արդյոք հայերը քրիստոնեությունից առաջ չե՞ն ունեցել գրի գործածություն: Արդյոք «Դանիելյան ալփաբետը» չի՞ եղել «հայոց հին այբուբենը», որ «մոռացվել էր՝ տեղի տալով այլոց գրությանց, այսինքն այլոց գրերին, և ապա կրկին հայտնվել»։ Ի՞նչ են եղել «Դանիելյան նշանագրերը, և Մաշտոցն ինչո՞վ է լրացրել դրանք»։ — Կարծես Կորյունը պարտավոր էր գուշակել, թե դարեր հետո ինչե՛ր կհարցնեն, և դրանց պատասխանը պիտի տար առաջուց։

Կորյունն առանձին ուշադրություն է դարձրել նաև ժամանակաբանությանը. նա հիշել է ուրիշ աղբյուրներից ստուգվող ճիշտ թվականներ, հարկավ, թագավորների տարիներով, քանի որ այն ժամանակ չկար թվականության կիրառություն։ Նրա հիշած, երբեմն երկրորդ և երրորդ անգամ մի ուրիշ ձևով կրկնած թվականները վերաբերում են հայերեն նշանագրերին, Մաշտոցի կրոնավորությանը և Սահակի ու Մաշտոցի մահվանը։ Այստեղ էլ, ուրեմն, նա հետևում է իր առաջադրած ծրագրին։ Լավ կլիներ, որ նա հայտնած լիներ Մաշտոցի գործունեության մի քանի ուրիշ թվականներ ևս, եթե միայն գիտեր։ Նրա հիշած թվականներից մի երկուսը, ցավոք, աղճատված են։ Պետք է ասել, որ նրա աշխատությանն ընդհանրապես, մանավանդ վերջին մասում, շատ աղավաղված է արտագրողների ձեռով: Դրան հաճախ ուշադրության չեն դարձրել այդ գրքույկից օգտվողները։

Վերջիններիս համար մի դժվարության հանգամանք էլ եղել է նաև Կորյունի գրության ոճը, որ միակերպ չէ. մերթ կարճ ու հակիրճ է, մերթ երկարաբան ու խրթին։ Նա հորինում է շատ ճոռոմ պատկերավորությամբ, ավելորդ զարդերով ու պաճուճանքներով խճողած, ինչպես ինքն ասում է, «ծաղկեցրած»։ Նրա գրածը հաճախ մութն է նաև անկանոն լեզվի կամ բարդ պարբերույթների պատճառով։ Երբեմն պակասում են անհրաժեշտ բառեր, կամ շատ կան ամբողջ նախադասությունների փոխարինող յուրահատուկ նորահնար բարդ բառեր, այլև բառերի կիրառություն ոչ մեզ ծանոթ սովորական նշանակությամբ։ Վրան ավելացրեք և բնագրի մասամբ աղճատված լինելը, և պարզ կլինի, թե ինչո՛ւ այդ փոքրիկ գիրքը շատերի համար դժվար հասկանալի է եղել։

Հեշտ մատչելի չի եղել այդ գրվածքը նաև միջին դարերում, ուստի առաջ է եկել մի նոր խմբագրություն, Կորյունի գրքից քաղվածորեն կազմված, հետը միացրած նաև Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունից» տեղեկություններ, նույնիսկ փոխանակ Կորյունի հաղորդումներին։ Դա հայտնի է Սուտ Կորյուն անունով։ Դրա վերնագիրն է՝ «Ի յիշատակի պատմութեան Վարուց երանելոյ սուրբ վարդապետին Մեսրոբայ, զոր