Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախարարական կարգի, հայկական դիցաբանության ու պաշտամունքի վայրերի և առհասարակ ներքին կյանքի։ Պակաս պատմական արժեք ունեն Ս. Գրիգորի և Հռիփսիմյան կույսերի վկայաբանությունները, որոնք հորինված են ընդհանուր վկայաբանական շաբլոնների համեմատ։ Դրանցից առաջինի մեջ կան դարձյալ հայոց հեթանոսական աստվածների մասին կարևոր տեղեկաթյուններ։ Իսկ Հռիփսիմյանց վկայաբանության մեջ դժվար թե որևէ իրական պատմական բան լինի, բայց եթե այն, որ իրոք Վաղարշապատում նահատակված են եղել կույսեր, քանի որ 5-րդ դարում արդեն եղել են այնտեղ նրանց վկայարանները։ Դա էապես մի զրույց է վկայաբանության ձևով գրված։ Առանձին արժեք ունեն և Խոսրովի ու Տրդատի մասին պատմվածքները։

«Ագաթանգեղայ Պատմութեան» նշանակությունը, սակայն, միայն նրա մեջ չէ, որ դա աղբյուր է հայոց պատմության համար, դա նաև մի կարևոր գրական երկ է։ Արդարև, դրա խմբագրությունը կատարված է միամիտ ձևով, բայց առաջ է եկել մի ամբողջություն կազմող, պարզամիտ ընթերցողների համար բավական հետաքրքիր վիպական մի պատմվածք, իսկապես մի վեպ։ Դա իր տրամախոսություններով, իր ճոխ ու կենդանի ոճով, հաջորդաբար իրար հետ կապակցված զանազան պատմվածքներով ու զրույցներով, հրաշապատումներով, թեկուզ մանրապատում ավելորդաբանություններով, նպատակավոր տեսլով և նույնիսկ իր երկար ու բարակ աղոթքներով ու վարդապետությամբ շատ սիրված է եղել և շատ կարդացված, միանգամայն և շատ ազդած մեր գրականության և առհասարակ մտայնության վրա, մինչև 19-րդ դարի կեսերը, նույնիսկ հետո։ Այդ երկը լավ ծառայել է այն նպատակին, որ դրա համար դրել են սկզբնական խմրագրողն ու վերախմբագրողները։

6. Կրոնական նպատակը։— Այդ գրքի մեջ շատ զգալի կերպով արվում է քրիստոնեության գովքն ու ջատագովությունը հեթանոսության դեմ։ Ս. Գրիգորի ու Հռիփսիմյանց վկայաբանությունների, ինչպես և վարդապետության մեջ մեծ ծաղրով ցույց է տրված հեթանոսական աստվածների, կուռքերի ոչնչությունը։ Հատկապես անունով հիշվում են աստվածները և եվհեմերաբար մարդ համարվում. «Զոր դուդ կոչես մեծ Անահիտ տիկին՝ լեալ իցեն արդեօք մարդիկ ոք յայնժամ երբեմն ժամանակի։ Քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն որ յայնժամն էին, ցնորիւք կերպս ի կերպս լինելով դիւացն՝ հաւանեցուցին մեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել»։ Ստեղծված են հանձինս Ս. Գրիգորի և Ս. Հռիփսիմեի ու Գայանեի շատ ուժեղ պատկերներ նահատակների։ Ս. Գրիգորը համարձակ անարգում է աստվածներին. «զմեծն Անահիտ, որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց», ասում է Տրդատը, «ընդ նմին և զմեծն և զարին Արամազդ, զարարիչն երկնի և երկրի. ընդ նմին և զայլ աստուածսն կոչեցեր անշունչս և անմռունչս»։ Պարզ երևում է, որ այդ գիրքը հորինված է իբրև մի օրինակ անվեհեր մաքառման ընդդեմ հեթանոսական կրոնի և սրա ոչնչացման իր