որ անպայման իրական պատմական անձ է, Ագաթանգեղոսի Պատմության մեջ դարձած է արդեն մի լեգենդար հոյակապ անձնավորություն, «այր հրաշալի» (էջ 430). վեհազն իր պարթևական Արշակունի ծագումով, սքանչելի իր վկայաբանությամբ, կրած չարչարանքներով և Խոր Վիրապում տարիներ ապրելով, իր քարոզությամբ, վարդապետությամբ, որ կանոնական նշանակություն է ստացել, հայերին քրիստոնյա դարձնելով և իր ճգնությամբ, իր տեսլով: Այս վերջինը, տեսիլը, իր սիմբոլիզմով անհրաժեշտ է եղել հայոց եկեղեցու սկզբնավորությանը խորհրդավորություն տալու համար։ Երբ հայ եկեղեցին իրեն անկախ էր զգում և՛ հույներից, և՛ ասորիներից, պետք էր ցույց տալ, որ մեր եկեղեցին հիմնված է ոչ թե 3-րդ դարի վերջում կամ 4-րդ դարի սկզբում, ոչ Ս. Գրիգորի, ոչ նույնիսկ առաքյալների ձեռով, այլ հենց՝ երկնքից հատկապես իջած Քրիստոսի իրեն ձեռով։
Այսպես ուրեմն, Ագաթանգեղոսի Հայոց Պատմությունն եղել է հայ եկեղեցական դասի ձգտումն արտահայտող առաջին գրական երկերից մեկը, եթե ոչ առաջինը։ Դրա մեջ փառաբանված է և՛ քրիստոնեությունը, և՛ հայոց եկեղեցին, և՛ հայ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատում, նրա ժառանգական աթոռակալներն իրենց ծագումով։ Ամեն ինչ այդ գրքի մեջ դիմում է գլխավորապես այդ նպատակին։ Նույնիսկ այն, որ դրա մեջ ուժեղ կերպով գծագրված է հսկայազոր Տրդատ թագավորի պատկերը, այդ էլ ծառայում է նույն նպատակին, եկեղեցականը փառավորելուն։ Քրիստոնեության դիրքը բարձրացվում է այնու, որ Տրդատի, ինչպես և Կոստանդիանոսի նման թագավորները խոնարհվում են նրա և նրա ներկայացուցիչ կաթողիկոսի առաջ։
8. Վիպական տարրը։— Ագաթանգեղոսի սկզբի մասի պատմությունը համեմատելով օտար աղբյուրների հաղորդածների հետ՝ այն եզրակացության են եկել, որ դա «այլակերպեալ պատմութիւն» է։ Այդ պատմվածքները «ճիշտ պատմական են, բայց մթին և հարևանցի, շատ դեպքեր ի մի ձուլված. մի խոսքով՝ պատմություն, բայց ոչ ականատեսի և ոչ ժամանակակցի, այլ ի լրո պատմագրող հեղինակի»[1]։ Այդ «լուրը» միայն ժողովրդական վեպ և զրույց կարող էր լինել։ Ժողովրդական վեպը կամ զրույցը միայն կարող էր այնքան և այնպես «այլակերպեալ» ձևով պահել իր մեջ պատմական հիշողություններ մոտավորապես 225—160 տարի առաջ կատարված եղելությունների մասին, քանի որ Ագաթանգեղոսի պատմած դեպքերն ընկնում են 225 թվից մինչև 3-րդ դարի վերջին տասնամյակը, իսկ Ագաթանգեղոսը 5-րդ դարու կեսերին է գրված։
Անշուշտ, Ագաթանգեղոսի հեղինակն ավանդական վեպից օգտվելիս՝ ազատ էր վեպի մասերը ցրվելու Պատմության մեջ այս ու այն տեղերում, այլև Պատմության մեջ պիտի չառներ այնպիսի մանրամասնություններ,
- ↑ Յակովբոս Տաշեան, Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին և պատմական ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ, Վիեննա, 1891, էջ 60, 92։