որ նրա աչքին պատմական չէին, ինչպես են՝ առասպելական հատվածներ, եթե կային այդպիսիք, ընտանեկան հարաբերություններ, ամուսնություն, խնջույք, այլ միայն պատերազմները և քաջագործությունները պիտի առներ, և այս ամենն իր լեզվով պիտի պատմեր,– բայց և այնպես վիպական հետքերը շատ տեղ պարզ երևում են։ Եվ մեր այս կիսապատմական և կիսաբանաստեղծական վեպն իր կենդանությունը նրանով է ստանում գրքի առաջին մասում, որ ամբողջապես ծագում է բուն ժողովրդական բանաստեղծությունից: Վաղուց նկատված է, որ Տրդատի քաջագործությունների մասին պատմվածքները քաղված են ավանդական զրույցներից, որոնց մեջ նա ներկայանում է իբրև իսկական դիցազն[1]: Ըստ երևույթին հեղինակն էլ նույնը հայտնում է, երբ Տրդատի գովասանական նկարագիրն անելուց հետո՝ գրում է. «Վասն այսորիկ պատշաճեցան բանքս այս ի բանս կարգի առակաց, թէ իբրև զսէգն Տրդատ…»։ Վիպական տարր կա նաև Հռիփսիմյանց վկայաբանության մեջ. «Բագրատունի Տրդատի և Նազինիկ հարճի վրա պատմածը հիմն է Հռիփսիմյանց պատմության»։ Բայց ժողովրդական վիպական ծագում ունեն ոչ միայն դրանք, այլև Խոսրովի պատմությունը, Տրդատի փախուստը, պարսիկների դեմ վարած պատերազմները և այլն[2]: Դրանց վրա պիտի ավելացնել նաև հունարեն թարգմանության սկզբի մասը Արտավանի և Արտադուխտի վերաբերյալ։
Թե ո՛րչափով իրական պատմական դեպքեր են անդրադարձված Ագաթանգեղոսի Պատմության առաջին մասի մեջ, ո՛ր պատմական դեպքերի և անձերի հիշողություններ են պահված և ի՛նչ դեպքեր են ի մի ձուլված, այդ մասին այստեղ հետևյալը միայն պետք է ասել։ Խոսրով և Տրդատ անունների հետ այդ մասի մեջ կապված են Հայոց Վաղարշ թագավորի և սրա որդի Տրդատ Բ-ի (215—252) ժամանակ և հետագայում մինչև 297 թ. կատարված պատմական իրակությունների հիշողություններ։ Ազդած է նաև Տրդատ Ա-ի շրջանը։ Մեծն Խոսրով անունով թագավորի պատմական գոյությունը չի հավաստվում, չնայելով նոր պատմաբանների և բանասերների ջանքերին։ Դա ըստ երևույթին վիպական ստեղծական անձ է, որի վրա պատմվել են Վաղարշի և Տրդատ Բ-ի գործերից։ Հռոմեական կողմը փախչողը Տրդատ Բ-ն է մեծ հասակում. վեպի մեջ նա փախչելիս հիշվում է իբրև մանկիկ ըստ վիպական ոգու, ինչպես և
- ↑ Alfred von Gutschmid, „Agathangelos“, Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft, 1877. S. 1-60, Leipzig. նույնը նաև առանձին գրքով. Agathangelos, Kleine Schriften, III, B.
Տե՛ս և Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական վեպը, Թիֆլիս, 1908, էջ 109—111։ Արտատպված «Ազգագրական հանդեսից», Թիֆլիս, 1907 թ. հունվար, էջ 49—51: - ↑ Վերևում հիշված «Պատմագիրք Հայոց» հրատարակության 18—47 հատվածները (էջ 15—29), միջից հանած 38-րդ հատվածը։ Ապա նաև 123 հատվածը (էջ 72 և հտն.), որ 47-ի բնական շարունակությունն է. և վերջապես 181, 202 և 203 հատվածների մեջ պատմածները։