Վիպասանքի մեջ Պարսից կողմը փախչող Արտաշեսը պատկերացվում է իբրև փոքր երեխա։ Տրդատ Բ. թագավորի վեպը եկեղեցականների ձեռով դարձած է քրիստոնյա Տրդատի վեպ։
Տե՛ս «Պարսից պատերազմ» հատվածը։
Տե՛ս «Պարսից պատերազմ» վեպի պատմականության խնդրի մասին՝ «Երկեր», հտ. Ա., Երևան, 1966, էջ 199—221։
1. Հեղինակն ու գրության ժամանակը։— Այս հեղինակի աշխատությունը՝ ըստ Ղազար Փարպեցու երկրորդ Հայոց Պատմությունն[1] է։ Դրա հեղինակի մասին ևս ոչ մի բան չգիտենք, ինչպես և Ագաթանգեղոսի Հայոց Պատմության։ Գիրքը բաժանված է «դպրությունների». մեզ հասել են միայն Գ—Զ դպրությունները։ Հեղինակը գրած է եղել նաև Ա և Բ դպրությունները, բայց դրանք դուրս են ձգված, և որպեսզի զուր չորոնեն դրանք, Գ դպրության սկզբում ավելացրել են «իսկիզբն» բառը։
Վեցերորդ դպրության գլխակարգության վերջում կա հետևյալը. «Ստորոտ ամենայն պատմութեանց յաղագս իմ տեղեկութեան, որք միանգամ զմատեանս ընթեռնոյք, տունք տասն՝ համարական թուօք»։ Այստեղ հեղինակը խոստանում է իր մասին տեղեկություն տալ, բայց այդ չկա գրքի վերջում։ Նույնը չի եղել նաև 5-րդ դարում, որովհետև այս հեղինակի կենսագրության մասին ոչինչ հայտնի չէ և 5-րդ դարի երկրորդ կեսին ապրող Ղ. Փարպեցուն։ Մինչդեռ սա Ագաթանգեղոսին չափազանց գովում է, անվանելով նրան «այր բանիբուն գիտութեամբ և լի ամենայն հրահանգիւ, ստուգաբանի կարգադրաթիւն ճառից և յարմարադիր ի պատմութիւնս ասացուածի իւրոյ», նրա գիրքը համարում է «հաստատուն և անսխալ կարգադրութիւնք», «ճշգրտաբանութիւն», — Բուզանդացու մասին հարգանքով չի խոսում, գրելով՝ «Փաւստոս ոմն Բուզանդացի». «զոմն պատմագիր, կոչեցեալ Փաւստոս Բուզանդացի», և թե «անուանեալ կոչեն զանուն գրոցն Հայոց Պատմութիւն»։ Նա նույնիսկ կասկածում է, թե այդ Պատմությունը մի բիզանգացի մարդու գործ լինի։ «Եւ վասն զի կարգելոցն առ ի նմանէ ի տեղիս ուրեք կարծեցին ոմանք բանք ինչ ոչ յարմարք և դիպողք… յերկուացեալ հարկաւորին չասել զայնպիսի անպատշաճ կարգումն Բիւզանդացւոյ ուսելոյ»։ Ապա նա երկար ու բարակ խոսելով Բիզանդիոնի մասին, ասում է, թե «վտակք գիտութեան, որպէս ի թագաւորանիստ վայրի, յորդեալ բղխեն ի քաղաքէն. որպէս և յամենայն կողմանց յաշխարհէն Յունաց քաջ ուսեալքն անդ փութան հանդիսանալ, և մինչև ցայսօր առաւելեալ տարածին յամենայն կողմանս նորա իմաստութեան
- ↑ «Փաւստոսի Բուզանդացւոյ Պատմութիւն Հայոց», Ս. Պետերբուրգ, 1883։ — Այս Պատմությունը ձեռագիրների բաղդատությամբ դեռ չկա հրատարակված, իսկ այդ շատ անհրաժեշտ է, որովհետև ձեռագիրների մեջ կան բազմաթիվ այլընթերցվածներ: