Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վտակք: Արդ՝ յայնպիսումն քաղաքի և ի մէջ այնչափ բազմութեանն ուսելոյ վարժեալ այրն Փաւստոս այնպիսի ինչ արդեօք անհաճոյս լսողաց բանս կարգէ՞ր ի պատմութեան իւրում։ Քա՛ւ և մի՛ լիցի»:— Փարպեցին կարծում է, թե Փավստոսը, որ բուզանդացի է, պետք է «ուսեալ», «վարժեալ» լինի։ Եվ քանի որ ինքը նրա անունով եղած Պատմությունն ուսյալ մարդու գործ չի համարում, «Ուստի և, — ավելացնում է,— անհաւատալի իմում տկարամտութեանս կարծեցեալ գործն՝ ասեմ, թէ գուցէ այլ ոք յանդուգն և անհրահանգ բանիւ լրբաբար ձեռն արկեալ յիւրն՝ գրեաց զինչ պէտս ըստ կամի, և կամ զի ուրուք անկարեալ դիպողս՝ այլաբանեալ վնասեաց, և անուամբ Փաւստոսին զիւրոյ յանդգնութեանն սխալանս համարեցաւ ծածկել»։ Եւ վերջն ասում է, թե հույների, ավելի ասորիների մեջ կան տգետ և հանդուգն մարդիկ, որոնք «գրեցին յինքեանց ճառս ընդունայնս և անպիտանաբանս և խառնեալ եդին ի գիրս գիտուն լսողաց. այլ ընտրող մտաց ճանաչի յայտնապէս գիտնոցն բանք և անմտացն շաղփաղփութիւնք»։ Ղ. Փարպեցու գրածից չի իմացվում, թե արդյոք իրոք եղե՞լ է «ուսեալ» և «վարժեալ» մի մատենագիր Բուզանդացի Փավստոս անունով, թե՞, ինչպես երևում է, նրա և ոմանց համար բավական է եղել, որ Փավստոսը Բուղանդացի է, ուրեմն և «ուսեալ» և «վարժեալ» մարդ պիտի լիներ նա։

Փավստոսի Հայոց Պատմության երրորդ դպրության վերջում կա հետևյալը. «Կատարեցաւ երրորդ դարք [=գիրք?], քսան և մի պատմութեանց դպրութիւնք, ժամանակագիր կանոնք փախստեայք [=Փաւստեայ] Բիւզանդեայ ժամանակագիր մեծի պատմագրի, որ էր ժամանակագիր Յունաց»։ Այս շատ աղճատված «յիշատակարանից» եզրակացնում են, թե եղել է «Փաւստոս Բուզանդ» անունով մի «ժամանակագիր Յունաց»։ Բայց ուրիշներն այդ հիշատակարանն իրավամբ համարում են հետագայում ավելացրած։ Եթե Ղ. Փարպեցու օրինակի մեջ այն լիներ, նա անպայման այդ նկատի կունենար և ոչ թե այնպես ընդհանուր և անորոշ ձևով կխոսեր Փ. Բուզանդացու մասին։

Փարպեցու ժամանակից ի վեր Փ. Բուզանդացու Հայոց Պատմությունը չի գնահատվել արժանապես։ Միայն 19-րդ դարի վերջին քառորդից սկսեց բարձրանալ նրա արժեքը։ Այդ ժամանակից ի վեր ավելի ևս ծավալվեց նաև նրա հեղինակի մասին հետաքրքրությունը, եղել էին և եղան զանազան կարծիքներ, որոնք մեծ մասամբ անարժեք են։ Այսպես, օրինակ, հարց է եղել, թե հեղինակն արդյոք հո՞ւյն է եղել, թե՞ հայ. մեկը հայ է համարել նրան, մի ուրիշը՝ հույն։ Եղել են և բանասերներ, որոնք այդ Հայոց Պատմության համար իբրև հեղինակ դրել են երկու անձ. իբր դրա մի մասի հեղինակը եղել է հույն, մյուս մասինը՝ ասորի։ Եթե հեղինակը հայ է եղել՝ արդյոք Սահառունյա՞ց տոհմից է եղել նա, իսկ եթե հույն է եղել, արդյոք նա այդ Հայոց Պատմության մեջ հիշված ծերունի հոռոմ եպիսկոպոս Փավստո՞սն է, որ ապրել է 4-րդ դարում։ Ապա դարձյալ՝ հարց է եղել, թե այդ գիրքն արդյոք հունարե՞ն է գրված եղել,