Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն էլ 4-րղ դարում, և 5-րդ դարում թարգմանվել հայերեն, թե՞ հայերեն է գրվել 5-րդ դարում մի հայից և վերագրվել Փավստոս Բուզանդ անունով մեզ անհայտ հույն ժամանակագրի։ Ասողներ էլ եղել են, թե հեղինակը Ժ-րդ դարում ապրող մի հայ է եղել, որ գրել է հունարեն լեզվով մի համառոտ պատմություն. բայց 5-րդ դարում թարգմանելիս՝ մեջը շատ բաներ են ավելացրել և ընդարձակել։ Եվ վերջապես՝ մի ուրիշ հարց էլ այն է եղել, թե ի՛նչ հարաբերություն կա Փավստոսի Հայոց Պատմության և հույն պատմագիր Պրոկոպիոսի (6-րդ դարում) հիշած Հայոց Պատմության միջև, որից այդ հեղինակը բերել է մի կտոր, որ կա նաև Փավստոսի մեջ։ Այս և ուրիշ նման հարցերի պատասխանները, որոնց մասին գրվել են ոչ միայն հոդվածներ, այլև գրքեր, այժմ մեծ մասամբ արժեք չունեն Փավստոսի Հայոց Պատմության տեսակետով։ Մի փոքր կանգ առնենք դրանց վերջինի վրա։

Որ հույն պատմագիր Պրոկոպիոսը «Հայոց Պատմությունից» Արշակի մասին բերել է մի կտոր, որ նման է Փավստոսի համապատասխան հատվածին, այդ ապացույց չի կարող լինել, թե Փավստոսի Հայոց Պատմությունը հունարեն է գրված եղել։ Պրոկոպիոսը, լինելով Կեսարիայից, կարող էր հայերեն իմանալ և Փավստոսից անձամբ օգտվել, կամ թե կարող էր Փավստոսի Պատմության հիշված կտորը մեկը թարգմանած լինել նրա համար։ Հենց այժմ ո՛րքան ռուսերեն թարգմանություններ են լինում հայոց գրականությունից այնպիսի ռուս մարդկանց ձեռով, որոնք բնավ չգիտեն հայերեն։ Այդ կատարվում է միջնորդների օգնությամբ։ Նույնը կարելի է ընդունել և Պրոկոպիոսի համար, եթե միայն նա հայերեն չգիտեր։

Այժմ հավաստի կարելի է ասել, որ Փավստոսի Հայոց Պատմությունը գրված է 5-րդ դարի երկրորդ կեսին և հայերեն լեզվով, մի յուրատեսակ հայ հայրենասիրությամբ տոգորված հայից։ Նրա հեղինակին ծանոթ է Ագաթանգեղոսի գրեթե ամբողջ բովանդակությունը, որից հիշատակություններ է անում նա իր Պատմության զանազան տեղերում։ Նա օգտված է Ս. Գրքի հայերեն թարգմանությունից և ուրիշ թարգմանություններից։ Նրա լեզուն հարազատ, մաքուր հայերեն է, առանց խորթ օտարաբանությունների, մեծ մասամբ բնիկ ժողովրդական ձևով, նույնիսկ ռամկական դարձվածներով և հատկություններով այն աստիճանի, որ բնավ կարելի չէ թարգմանություն համարել այդ երկը[1]։

Ապա՝ միջին կան տեսլի, անեծքի, գուշակության ձևով ակնարկություններ 5-րդ դարի եղելությունների, և վերջապես՝ հատվածներ Կորյունի գրքից, թեպետ ոչ այնքան մեծ թվով, որքան Ագաթանգեղոսի մեջ։ Ուրիշները մի քանի այդպիսին ցույց են տվել. բերենք այստեղ մեկը, որ Կորյունից առնված է նաև Ագաթանգեղոսի մեջ։ Ուրիշները, որքան հայտնի

  1. «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի Պատմության», գրեց Ստեփան Մալխասյանց, Վիեննա, 1896։ Այլև «Մուրճ» ամսագիր, 1901, № 3: