է, այդ համարում են Ագաթանգեղոսից առնված Բուզանդի մեջ. նրանք չեն նկատած, որ և՛ Ագաթանգեղոսի, և՛ Փավստոսի մեջ, միմյանցից անկախ, այդ հատվածը ծագում է Կորյունից։
Զաւետարանական ընթացսն և զվերակացութիւն եկեղեցւոյ սրբոյ շնորհօքն աստուծոյ առանց պակասութեան տանէր. առաւել ևս փութայր, գուն եդեալ յորդորելով զամենեսեան առ ի բարեացն քաջալերութիւն, զցայգ և զցերեկ պահօք և աղօթիւք և ուժգին խնդրուածովք և բարձրակալ կատարման հաւատովքն՝ մերձաւորաց և հեռաւորաց զհոգևոր եռանդն ածէր:
Բ ո ւ զ ա ն դ, Գ. 6
Զաւետարանական ընթացսն և զվերակացութիւնն սրբոյ եկեղեցւոյ շնորհօքն աստուծոյ առանց պակասութեան տանէր, և առաւել փութայր գուն եդեալ՝ զամենեսեան չորդորելով առ բարեացն քաջութիւն: Եւ զցայգ և զցերեկ պահօք և աղօթիւք և ուժգին խնդրուածովք և բարձրագոյն բարբառովք զաստուածադիր պատուիրանացն հրամանս ուշ առնելով… Եւ մինչդեռ այնպէս մերձաւորացն առ իւր և զհոգևոր եռանդն ածէր…
Կ ո ր ի ւ ն, հատ. ԻԵ. էջ 90
Բացի ամբողջ կտորներից՝ կան նաև արտահայտության ձևեր, դարձվածնէր և ուրիշ նմանություններ Փավստոսի, ինչպես և Ագաթանգեղոսի մեջ, որոնք ըստ երևույթին Կորյունի հետևողությամբ են գրված, կամ Կորյունից՝ վերամշակումով՝ մտել են այդ երկուսի երկերի մեջ։ Եվ այս բնական է։ Կորյունի գրքույկը լինելով առաջին ինքնագիր երկը, այն էլ գրերի գյուտի և Մաշտոցի ու Սահակի մասին, անշուշտ շատ կարդացվել է նրանց աշակերտներից և ուրիշներից, որոնք և ազդվել են նրանից։ Ղ. Փարպեցին անգամ, որ ավելի ուշ ժամանակ է ապրել, գրում է իր համար, թե շատ անգամ կարդացել է այդ գիրքը. «մեր բազում անգամ կարդալով տեղեկացեալ»։
2. Պատմությունը։— Բուզանդի գիրքն առաջին փորձն է գրելու ամբողջական հայոց պատմություն, որ իր մեջ պարունակեր նաև հինը։ Այդպիսի մի երկ անհրաժեշտ է եղել 5-րդ դարում, երբ պետք էր ոչ միայն եկեղեցին ուժեղացնել, այլև ազգային աշխարհիկ քաղաքական ինքնագիտակցություն զարգացնել։ Այս երկու ձգտման համար ևս իբրև ագիտացիայի միջոց պիտի ծառայեր հայոց պատմությունը։ Այս պատճառով և հենց սկզբից մեր պատմագրության մեջ մտնում է երկու գիծ՝ աշխարհիկ քաղաքական և եկեղեցական, որոնք, երկուսն ևս միևնույն երկի մեջ զույգ ընթանում են, երբեմն զուգահեռ, երբեմն մեկը մյուսի մեջ մտնելով ու բաղհյուսվելով, երբեմն էլ մեկն ավելի մեծ չափով, քան մյուսը։
Մեզ հասած Բուզանդի գիրքը բովանդակում է հայոց պատմությունը Տրդատի որդի Խոսրովից սկսած մինչև Հայաստանի բաժանումը պարսկական և հռոմեական ազդեցության մասերի 387 թ., մոտ հիսուն տարվա պատմություն— Խոսրով, Տիրան, Արշակ, Պապ, Վարազդատ և Արշակ թագավորների օրով։
Եկեղեցական պատմությունն սկսվում է Ս. Գրիգորի և նրա որդի Արիստակեսի մահով, ապա խոսվում է Վրթանեսի և հաջորդ կաթողիկոսների