Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին. առանձնապես ուշադրության են առնված Մեծն Ներսեսի կյանքն ու գործունեությունը։ Բերված են բազմաթիվ տեղեկություններ և առանձին կրոնավորների վերաբերյալ։ Որ Բուզանդը խոսում է նաև մի քանի ասորի եպիսկոպոսների կամ կրոնավորների մասին, այդ բնավ նշան չէ նրա ասորական կողմնորոշման, ինչպես եղել են այդպես կարծողներ։ Նա իբրև պատմության հեղինակ՝ գրում է և՛ հայոց կաթողիկոսների, և՛ ասորի, և՛ հույն կրոնավորների մասին անխտիր, և գովելով և պարսավելով ըստ կրոնական հայացքի և նայելով թե ի՛նչպիսի զրույցներ է գտել նա նրանց վերաբերմամբ։ Այս տեսակետով հենց՝ նրա երկը, թեպետ հաճախ հրաշապատում, թանկագին աղբյուր է հայոց եկեղեցական պատմության համար։ Այնտեղ գտնում ենք եկեղեցական և աշխարհական դասերի հակամարտությունը, կաթողիկոսների դերն ընդհանուր կյանքի մեջ, մեծ եկեղեցական հոր՝ Ներսես կաթողիկոսի նշանավոր գործունեությունը, ձգտում ազգային ինքնագլուխ եկեղեցի կազմելու, այլև եկեղեցական կյանքի վերաբերյալ ուրիշ շատ նյութեր։

3. Վիպական և զրուցային տարրերը։ Վիպասան Փավստոս Բուզանդ։— Ձեռնարկելով գրել մի պատմություն, որ իրենից առաջ ուրիշները գրով չէին դրոշմել, մեր այս մատենագիրը բնականաբար պիտի դիմեր բերանացի ավանդություններին և օգտվեր նրանցից իբրև պատմության աղբյուրներից։ Եվ իսկապես, Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությանն մեջ ամեն ընթերցող էլ, որ ըմբռնում է ավանդական պատմվածքի ոգին, միայն ավանդական վիպական ոճ և եղանակ կգտնե[1]։ Այժմ այլևս կասկած չկա, որ այդ գրքի գլխավոր աղբյուրները եղել են ավանդական զրույցներ, լեգենդաներ, վեպեր և նույնիսկ երգեր։ Հինգերորդ դարի երկրորդ կեսին գրող մի հայ հեղինակ, ինչպիսին է Փավոտոսը, հարկավ, կարող էր շատ հիշողություններ ժողովել 4-րդ դարի քահանայապետների, թագավորների և զորավարների մասին, բայց ավելի շատ օգտվել է նա ավանդական վեպից ու զրույցներից, որ այդ շրջանում, նույն Բուզանդի վկայությամբ, ինչպես կտեսնենք, մեծ թեթևությամբ և արագությամբ կազմվում ու տարածվում էին։

Բացի այդ նրա գրքից պարզ երևում է, որ ինքը Բուզանդն էլ, այդ գրքի հեղինակը, օժտված է եղել վիպասանական շնորհքով, եղել է իսկապես մի գրագետ վիպասան, որ սովորած է եղել շատ զրույցներ և իմացել է բերանացի վիպել շատ պատումներ «Պարսից պատերազմից» (ինչպես մի Նախո Քեռի կամ Մոկացի Հովան պատմել են «Սասնա Ծռերից»), և ապա իր այդ իմացածների և բերանացի պատմածների ու լսածների հիման վրա նա հորինել է իր գիրքը՝ անխտիր գրելով ինչ որ գիտեր, լինի

  1. Հ. Գելցեր, Փ. Բուզանդ, թարգմ. Թորոսյան, Վենետիկ, 1896, էջ 34 —36, էջ 111 և հտն., 38 և այլն։
    Ուսումնասիրություն Ստ. Մալխասյանցի, Փ. Բուզանդի Պատմություն, Վիեննա, 1896։
    Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական վեպը, արտատպված «Ազգագրական հանդեսի» 1906—1908 թ. գրքերից, էջ 111 և հտն.։ «Ազգ. Հանդ.» 1907 թ. հունվար, էջ 51 և հտն.։