Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ները, արեգակին ու լուսնին ուղղված և այլ աղոթքները, սնահավատական զրույցներից շատերը, այլև այն առասպելները, որ գտնում ենք Մ. Խորենացու Հայոց Պատմության մեջ, և որոնց ուսումնասիրությունը կարելի չէ անել՝ առանց նկատի ունենալու հայոց սկզբնական պատմությունը, հայոց և միջազգային նախնական հավատալիքները ոգիների, աստվածների ու հերոսների մասին:

5. Հմայական աղոթքներ և սնահավատական զրույցներ:— Երբ առաջ է եկել կրոնի նախնական ձևը, բնության վրա իշխող ոգիների հավատն ու պաշտամունքը, դրա հետ միաժամանակ նախնական մարդը բնության դեմ կռվի մեջ մշակել է դյութությունը: Դրա սկզբնական գլխավոր եղանն է թովելը, այն է՝ խոսքեր կամ բանաձևեր թոթովելով, մրմնջալով, երբեմն նաև անիմաստ լեզվական հնչյուններ արտասանելով, ազդել ոգիների վրա՝ ուզած երևույթներն առաջ բերելու, կամ անցանկալի երևույթները խափանելու համար: Նախնական մարդը կարծում էր, թե դրանով կլրացնի բնության վրա ազդելու իր տեխնիկայի թերին: Այդ կապակցությամբ որոշ դիրք են գրավել սկզբում առանձին անհատներ—թովիչներ, դյութեր, որոնք իբր կարող էին ազդել ոգիների վրա: Հետագայում, երբ հասարակության դասակարգային խավավորման հետ կազմվում է քրմերի ազդեցիկ դասը, դյութությունը կամ հմայությունն անցնում է նրանց:

Այս հավատքը խոսքի ուժի մասին՝ այնպես խոր արմատացած է եղել, որ բազմաթիվ նախնական հավատալիքների ու կենցաղային կողմերի հետ՝ շատ երկար հարատևել է մեր ժողովրդի մեջ,— և ոչ միայն մեր: Ինչպես երևում է, հնումն այդ կարծեցյալ արվեստը բավական զարգացած է եղել Հայաստանում: Մեր մատենագիրները 5-րդ դարից ի վեր հաճախ գրում են զանազան տեսակի հմայությունների, դյութությունների դեմ: Մինչև վերջերս էլ մեր ժողովրդի մեջ շատ տարածված էին և հմայական բանաձևերը, երդմնեցումներն ու երդմնեցուցական խոսքերը, որոնք կոչվում էին «կապքի աղոթք», կամ պարզապես լոկ «աղոթք», իսկ հմայելու գործողությունը՝ «աղոթել», որովհետև դրանք իսկապես նախնական աղոթքներ են եղել: Դրանք բերանացի էին: Կային նաև գրավոր «հմայքներ», որ դյութերը գրում էին երկայն շերտ մագաղաթների կամ թղթերի վրա և ծալած կարում էին այն անձերի հագուստների մեջ, որոնց պիտի դյութեին, կամ հմայքից ազատեին: Դրանք կոչվում էին «հմայակ», «հմայեկ» («հմայիլ») և այլ անուններով: Բերանացի «աղոթքներն» ապրում էին հենց ժողովրդի մեջ, և հարկավոր համարված դեպքերում ասվում էին երեք անգամ կրկնվելով: Իսկ գրավոր հմայեկներ հորինելու կամ, ինչպես ասում են, «գիր անելու» կամ «թուղթ անելու» գործով պարապում էին քահանաները, տիրացուներն ու խալֆաները, որոնք փոխանակել էին հին քրմերին: Գրավոր հմայեկների վրա ավելացվում էին երբեմն նաև քրիստոնեական աղոթքներ, բայց դրանց իսկական հմայական բանաձևերը միևնույն բովանդակությունն ունեն, ինչ որ ժողովրդական