Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«կապքի աղոթքները»: Գրավոր հմայեկներն ընդհանրապես արձակ են հորինված, մինչդեռ ժողովրդական «աղոթքները» թռուցիկ ազատ ոտանավորներով են: Դրանք մեծ մասամբ տրամախոսական կամ վիպական ձևով են կամ թե սկսվում են մի վիպական փոքրիկ նախաբանով[1], կրում են հնության դրոշմ և ըստ էության գալիս են խորին հնությունից: Դրանք նորոգված լեզվով, կերպարանափոխված, խավավորված գերապրուկներ են, թեպետ և կլինեն, անշուշտ, և այնպիսիները, որոնք ուշ դարերում այլազգիներից անցած լինեն հայերին: Խավավորումը քրիստոնեական է. հաճախ հին անուններին փոխանակել են քրիստոնեական սրբերի անուններ: Բացի այդ՝ դրանք երբեմն անհասկանալիության աստիճանի աղճատված են:

Հմայական աղոթքները, լինեն գրավոր թե բերանացի, ունեն ընդհանրապես երդմնեցուցական բնավորություն, ուղղված են իբրև խնդիրք բարի ոգիներին, սովորաբար չար ոգիների դեմ, որոնք իբր վնասում են մարդկանց և ամեն տեսակ հիվանդություններ բերում: Իբրև այդպիսիներ առանձնապես երևան են գալիս գիշերվա չարունքը, չարքերը, նորածիններին ու ծննդկաններին վնասող ալերը (ալքերը), չար աչքը և այլն, նույնպես և կենդանակերպ ոգիները և հենց իրական վնասատու կենդանիները՝ գայլ, օձ, կարիճ, դրանց հետ միասին գորտն ու մրջյունը: Վերջին չորսը ահրիմանական չար կենդանիներ են համարվել հին պարսկական կրոնով և հիվանդություններ բերել: Նույնը եղել է և հայերի մեջ: Նրանք, իբրև չար ոգիներ, ըստ սնահավատքի, առաջ են բերել գորտնուկ, մրջմուկ, օձիկ կոչված հիվանդությունները: Նրանց դեմ էլ ուղղված են եղել հմայական աղոթքներ: Կարծում էին, թե «գելկապի», կարիճի և այլ «աղոթքներն» ասելուց հետո՝ իրական գայլը, կարիճը և այլն տեղներում կապված կմնան անշարժ:

Բերենք մի քանի այդպիսիները, ամենից առաջ մի «գորտնուկի աղոթք», որ իսկապես մի հին աղոթք է. «աղոթողը» դիմելով «նորին». այսինքն նորած լուսնին, որ հին ժամանակ պաշտվել է հայերի մեջ իբրև բարի ոգի, խնդրում է նրան ազատել իրեն այդ հիվանդությունից.

Նո՛ր, նո՛ր, թազա թագավոր.
Ես ալևոր, դու թագավոր,
Էն աշխարքից ի՞նչ խաբար ես բերել:
Նո՛ր, նո՛ր, տես զիս.
Գորտնուկն էկե կ’ուտա զիս,
Կեր գորտնուկին՝ չ’ուտա զիս:

Բազմաթիվ «գելկապի աղոթքներից» մեկն է հետևյալը.

  1. Այսպիսի «աղոթքներ» կարելի է տեսնել՝ Ե. Լալայան, Ջավախքի բուրմունք, Թիֆլիս, 1892, էջ 3—18: