Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնէր զօրն զայն. և բազում ուխտ ատրուշանացն առնէր»։ Նա զորք է ժողովում, գալիս Հայաստան, տիրում, գերում։ Կոտորում է հայոց թագավորական տունը։

Բայց դրանով ամեն բան չի վերջանում։ Խոսրովի որդիներից Տրդատին, «մանկիկ մի փոքրիկ», հունական կողմերն է փախցնում Արտավազդ Մամիկոնյանը, իսկ Օտա Ամատունին Տրդատի քրոջը, Խոսրովիդխտին, պահում է Անի ամրոցում։ Ապա մի իսկական վիպական դրվագի մեջ պատմվում է, որ Արտավազդը դայակ լինելով մեծացնում է մանուկ Տրդատին, որը հաղթանդամ հսկա դառնալով՝ ծառայում է Լիկիանոսի մոտ, շատ քաջագործություններ է անում և աջողություններ ունենում։ Վերջը նա կայսրի փոխանակ մենամարտելով Գոթաց թագավորի հետ՝ հաղթում է նրան և հռոմայեցիների օգնությամբ գալիս, թագավորում է Հայաստանում, կռվում է պարսիկների դեմ, և «խնդրէր զքէն վրիժուց իւրոց հայրենեացն»։

Խաղաց գնաց թագաւորն ի կողմանս Հայոց.
Եւ եկն, եգիտ անդ զօրս բազումս Պարսից,
Զի զաշխարհն յինքեանս գրաւեալ էին ի ծառայութիւն։
Զբազումս կոտորէր,
Եւ զբազումս փախստականս արարեալ՝
Ի կողմանս Պարսից արկանէր,
Եւ զհայրենեաց տէրութիւնն յինքն նուաճեաց,
Եւ զօրացաւ ի վերայ սահմանաց նորա:

Ագաթ., էջ 29

Հայաստանին տիրելուց հետո էլ նա միշտ պատերազմում է և միշտ հաղթում պարսիկներին։ Ապա վեպի մեջ պատմված է եղել Տրդատի ամուսնությունը և հետո՝ նրա ու գեղեցիկ Հռիփսիմեի դեպքը, և վերջապես՝ Տրդատի պատերազմը հյուսիսականների ու պարսիկների դեմ և նրա գովաբանության երգը (Ագաթ., հատ. 123, էջ 71 և հտն.).

Իսկ թագաւորն Տրդատ՝
Զամենայն ժամանակս իւրոյ թադաւորութեանն՝
Աւերէր, քանդէր զերկիրն Պարսից թագաւորութեանն
Եւ զաշխարհն Ասորեստանի,
Աւերէր և հարկանէր ի հարուածս անհնարինս։
Վասն այսորիկ պատշաճեցան բանքս այս
Ի բանս կարգի առակաց,
Թէ՝ «Իբրեւ զՍէգն Տրդատ,
Որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց,
Եւ ցամաքեցոյց իսկ ի սիգալն իւրում գյորձանս ծովուց»։
Վասն զի սէգ իսկ էր առ հանդերձս,