Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որդի Գալուստին
Հովիվ էր Քրիստոստին,
Նստեր օխտը ճամփին,
Կը լար, կ’ողբար:
— Հե՞ր լաս, հե՞ր ողբաս,—
Հարցուց նորան Քրիստոս:
— Իմ տեր, կը լամ, կ’ողբամ.
Կը վախեմ գելից-գազանից,
Եվ ամենայն ջանավարից,
Որ շուռ կը գան մեջ գիշերին:
— Գնա՛, մտի՛ր սուրբ Սիմեոնին,
Ա՛ռ երկթե զնջիլ, պողպտի բալնիք.
Դի՛ր գողն ի ոտին, գելն ի բերան,
Եվ ամենայն ջանավարին,
Որ շուռ կը գան մեջ գիշերին:

Մեկ ուրիշ «աղոթքի» մեջ կատարվում է այս վիպական «աղոթքի» մեջ պատվիրվածը.

Ուսին, ուսին, Մայր Կուսին,
Երեք պիպեռ [բևեռ] կա Քրիստոսին.
Մեկն ի սիրտն սատանին,
Մեկն ի բերան գել-գազանին,
Մեկն էլ ի սիրտ չարին,
Որ չոլորտի մեջ գիշերին[1]:

Չարահալած են ըստ ընդհանուր տարածված նախնական հավատալիքների՝ չար փուշը, կրակը, երկաթը: Վերևի «աղոթքների» մեջ, ինչպես կարելի է տեսնել, գործադրվում են երկաթ, պողվատ:

Չար ոգիների վնասակար ազդեցությունը, ըստ սնահավատքի, լինում է նաև մարդու մարմնի զանազան մասերի վրա, առաջանում է «կապ» կոչվածը, այսինքն կարկամում, կալ ու կապ են լինում, շարժվելու ընդունակությունը կորցնում են մարմնի այս կամ այն մասերը: Այսպես, օրինակ, գրավոր հմայեկներ կան «լեզվակապի», «քնակապի», «գոզկապի» և այլն: Բերենք այդպիսիներից հետևյալը.

Հաւբալն նստեալ
Ի յանհուր և յանջուր և յանեղեմն դաշտին,
Լայը զերդ զայրի,

  1. Տե՛ս Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, վեցերորդ գիրք, Թիֆլիս, 1890, էջ 143-148: Այստեղ նաև «չար աչքի» և այլ «աղոթքներ»: Այլև նույնի յոթներորդ գիրք, Թիֆլիս, 1891, էջ 133 և հտն.: