Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա Մուշեղ, որդի Վասակայ,
Ստրատելատն Հայոց Մեծաց,
Ընդրեաց իւր արս ընտիրս, միամիտս, ազատս,
Ազգայինս քառասուն հազար, միաբանս, միակամս,
Եւ կազմեաց զնոսա ձիով և թոշակաւ և զինու։

Բուզ., Ե. 2

Բոլոր ազնվականներն անխտիր կատարում էին զինվորական ծառայություն և կազմում էին երկրի զորքը։ Ուստի «Մեծամեծք, նահապետք ազգաց ազգաց, տոհմաց տոհմաց, գնդից և դրօշուց տեարք, ամենայն սատրապք, նախարարք և ազատք, պետք և իշխանք, զօրավարք և սահմանապահք», որոնք թագավորի մոտ ժողովված են խորհրդի համար, բոլորը միասին մի բառով կոչվում են «զօրք» (Բուզ., Դ. 3): Վեպի զարգացման դարաշրջանում Հայաստանում մնում էին և այլազգի զորքեր, հռոմեական կայազոր, օգնական գնդեր, ուստի և վերևում բերած կտորի մեջ ասված է «ազգայինս»։ Խոսրով Մեծի վեպի մեջ ևս ասվում է «նախարարք հայակոյտ զօրացն», որ է հայերից հավաքված զորքը։ Հիշվում է «ազատախումբ բանակ նախարարակոյտ զօրացն» (Բուզ., Գ. 11), որ չպիտի հասկանալ «նախարարներից ժողովված», այլ «նախարարների ժողոված ազատախումբ բանակը»։ Ռամիկներն ևս կատարել են զինվորական ծառայություն։ Տիրանի գերվելու դրվագի մեջ ասվում է, թե նրա մոտ չեն եղել՝ «զօրավարքն… մեծամեծք նախարարացն, և աւագ տանուտէրք ազատանին. սոյնպէս և զօրքն արքունի… և ոչ գունդ և այրևձի»։ Թագավորը մնացած է եղել «սակաւ սպասաւորօք հանդերձ… և խառնաղանջ խորանապահ զօրուն, և ռամիկսպաս զօրօքն (Գ. 20)։ Դրանք՝ այդ «խառնաղանջ», այսինքն՝ ռամկական, «ռամիկսպաս զօրքն», ռամիկներից, շինականներից են կազմված եղել։

6. Ավարառություն։— «Զօրքն», այսինքն զինված ազնվականությունը, իր զենքը գործադրում էր պատերազմի մեջ արտաքին թշնամիների դեմ։ Իսկ այդ պատերազմը լինում էր կամ երկրի պաշտպանության համար, կամ ավարառության։ Ամեն հաղթական արշավանքից հետո ևս հիշվում է ավարի շատությունը, բայց կան հատուկ ասպատակության դրվագներ ևս։ Ավարառության սկզբունքը, ըստ ժամանակի աշխարհայացքի, բացատրվում է մի դրվագի մեջ, որ ուժեղ նկարագիր է հյուսիսային ազգերի հաճախակի ասպատակությունների Հայաստանում։ Այդ բացատրությունն, արդարև, կապված է Վրթանեսի որդի Գրիգորի զրույցի հետ և Բուզանդի կողմից ևս թանձրացրած կրոնական գույնով է բերված, բայց դրա էությունն ամբողջապես այն ժամանակի ֆեոդալական «ազատախումբ» զորքի կյանքի իդեալն է եղել—կողոպտել ուրիշներին և դրանով հարստանալ, հղփանալ։ Հիշյալ Գրիգորը քարոզչություն է անում հյուսիսային կողմերում: