Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գաղափարախոսությունը: Ֆեոդալական շրջանում, ինչպես հայտնի է, թագավորը «տեր» էր, իսկ ազնվականները՝ «ծառա»։ Վերջիններս պարտավոր էին թագավորի համար զանազան պարտքեր կատարել, առանձնապես զինվորական ծառայություն։ Ամենամեծ առաքինությունն էր ծառաների հավատարմությունն իրենց տիրոջը։ Դավաճանությունը ենթակա էր անարգանքի ու պատժի։ Թագավորներն ամեն կերպ աշխատում էին այդ գաղափարը զարգացնել իրենց վասալների մեջ։ Եվ հենց սրանք իրենք էլ շահագրգռված էին դրանով. զի ազնվականության հիերարքիայի մեջ նրանցից էլ կախված կային ուրիշները։ Քրիստոնեական եկեղեցին էլ սրբագործել էր այդ դրությունն իբրև աստվածային պատվիրան. «ծառայից հնազանդ կալ տերանց իւրեանց». զի եկեղեցականներն էլ, նույնիսկ գյուղական քահանաները, մի-մի «տերեր» էին։ Նրանք օգտվում էին դավաճանների պատժվելուց։ Այդպիսիների հողերը, եթե արքունիք չէին գրավվում, տրվում էին հավատարիմներին, որոնց թվում և եկեղեցուն (Բուզ., Գ. 4)։ Վեպի մեջ հենց սկզբից կան հավատարիմ ու դավաճան ծառաների տիպիկ արտահայտության շատ դրվագներ, որոնց մեջ պատմվում են տվյալ ֆեոդալական շրջանի համար հատուկ հարաբերություններ։ Ազնվականները հավատարմությամբ և քաջությամբ ծառայում են թագավորներին, որովհետև սրանք իրենց համար աշխատողներին վարձատրում են հողերով։ Այսպես, օրինակ, վերևում հիշված Մազքութներին ջարդող և երկիրն այդ ասպատակավորներից մաքրող իշխաններին թագավորը տալիս է կալվածներ։

Ապա ետ հրաման թագաւորն Հայոց Խոսրով,
Տալ պարգևս արանցն քաջացն որ վաստակեցին նմա,
Եւ փոխանակեցին զանձինս իւրեանց
Փոխանակ աշխարհին Հայոց Մեծաց,
Յամենայն ի մարտ ճակատուցն պատերազմաց։
Եւ ետ Վաչէի զորավարի զականս Ջանջանակին,
Եւ զՋրաբաշխիս, և զՑլու գլուխ,
Ամենայն գաւառակօքն հանդերձ։
Նոյնպէս և այլոց նախարարացն մեծամեծ պարգևս։

Բուզ., Գ. 8

Պապ թագավորն էլ Մուշեղին է նույնպես վարձատրում իր ռազմական քաջագործությունների համար.

Բազում պարգևս, և պատիւս, և բազում գեւղեան
Զօրավարին Մուշեղի Պապն շնորհէր։

Բուզ., Ե. 4

Երբ երեսնամյա պատերազմից հոգնած նախարարները լքում են Արշակին, խորհրդի ժամանակ Ներսեսն ասում է նրանց, որ նրանք իբրև ծառաներ հնազանդ մնան թագավորին.