Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զի ամենեքեան դուք աւադիկ կայք և վկայէք,
Մանաւանդ զի ամենեքեան դուք
Կեցեալ էք յազգէդ Արշակունոյ.
Ոմանք ի ձէնջ գաւառատեարք լեալք ի նոցանէն,
Եւ ոմանք մեծամեծք աշխարհաց,
Ոմանք աւագ աւագ աւանաց,
Գեղից և գանձուց տեարք լեալ էք,
Եւ պէսպէս դաստակերտացն:

Բուզ., Դ. 51

Մամիկոնյան հերոսները վեպի իդեալական անձերն են, թագավորի և առհասարակ Արշակունիների հավատարիմ ծառաները։ Բայց նրանց մեջ ևս վիպասաններն անդրադարձրել են իրական կյանքի պատկերը: Նրանք էլ թագավորին ծառայում են իրենց շահերի համար: Թագավորները պարտական են նրանց «կեանս առնել ընդ վաստակոցն» (Բուզ., Ե. 37)։ Բավական է, որ հակառակը լինի, թագավորը նրանց շահերի դեմ գնա, այն ժամանակ հզոր Մամիկոնյանը պատրաստ է հեռանալու թագավորից և նույնիսկ թույլ Արշակունի թագավորին պատերազմով դուրս քշելու երկրից։ Բայց քանի որ սպարապետները վեպի իդեալական անձերն են հավատարմության նկատմամբ, այդպիսի արարքն արդարացվում է այսպես.

Նա՛ դու չես իսկ Արշակունի,
Այլ ի պոռնկութենէ եղեալ ես որդի.
Վասն այդորիկ ոչ ծանեար զվաստակաւորսն Արշակունեաց…
Այլ զի դու քանզի չես Արշակունի,
Գնա յաշխարհէս, և մի՛ մեռանիր ի ձեռաց իմոց։

Բուզ., Ե. 37

Այսպիսի պատգամ է ուղարկում Մանուել սպարապետը Վարազդատ թագավորին, որ սպանել էր տվել Մանուելի եղբայր Մուշեղին: Բայց նույնիսկ այսպիսի դեպքում էլ, երբ Մամիկոնյանի շահն ընդհարվում է թագավորի շահի հետ, նա անարգում է միայն այն անձին, որի հետ պատերազմում է, և ոչ ընդհանրապես Արշակունիներին, որոնց նա հավատարիմ ծառա է։

Եթե մի կողմից տեսնում ենք, որ թագավորները վարձատրում են իրենց հավատարիմ վասալներին, մյուս կողմից՝ կան դրվագներ, որոնց մեջ պարզ երևում է Արշակունի թագավորների աբսոլյուտիստական միտումը և ընդհանրապես ձգտումն իրենց ապահովելու։ Վախենալով դավաճանությունից՝ Խոսրով Կոտակն օրենք է դնում, որ «մեծամեծ աւագանին, նախարարքն աշխարհակալքն, աշխարհատեարքն, որ էին բիւրաւորքն և հազարաւորքն, կայցեն առ արքային, և ընդ նմա շրջեսցին, և մի