Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոք երթիցէ ի նոցանէ ընդ զօրս արքունի» (Բուզ., Գ. 8): Թագավորները գործադրում են և կտրուկ միջոցներ։ Նրանք ապստամբներին և առհասարակ մեծերին, ամեն առթից օգտվելով, անխնա կոտորել են տալիս և նույնիսկ նրանց տոհմերը բնաջինջ անում։ Եվ այդ երևում է վեպի բոլոր ճյուղերում ևս։ Այսպես՝ վիպական Տրդատը Ճենացի Մամկոնի ձեռով կոտորել է տալիս իրենից ապստամբած Սլկունիներին և նրանց կալվածը տալիս է իր հավատարիմ Մամկոնին: Նույնը մի քանի փոփոխակներով հարակցված է և Խոսրով Կոտակի վեպին։

Ապստամբեաց յարքայէն Հայոց
Մի ի ծառայից նորա,
Մեծ իշխանն Աղձնեաց,
Որ անուանեալ կոչէր բդեշխն,
Որ էր մի ի չորից,
Գահերէց, բարձերէց տաճարին արքունի։
Ետ ձեռս յարքայն Պարսից,
Եւ մատնեաց զարքունի տունն, որ յեց յինքն էր։
Եւ էած զօրս արքային Պարսից ի թիկունս իւր,
Եւ հատաւ յերկրէն յիշխանութենէն Հայոց,
Եւ տայր պատերազմ ընդ արքային Հայոց՝
Ուժով Պարսից թագաւորութեանն,
Եւ սաստկանայր մարտ պատերազմին։

Թագավորն ուղարկում է նրանց դեմ մի քանի իշխանների, իր հավատարիմ, վեպի բառերով՝ «բարեկիր ծառաներին», որոնք հաղթում և կոտորում են բոլոր պարսիկներին։ Նրանք սպանում են և ապստամբին իր եղբայրներով ու որդիներով հանդերձ, բացի մի նորածին աղջկանից, որին թագավորը կնության է տալիս իր սիրելի Վաղինակ Սյունի իշխանին, սրան տալով և Աղձնյաց տունը։

Եւ արար զնա բդեաշխ
Եւ պայազատ տան նորուն։
Ժառանգն բազմացաւ։
Եւ հանդերձ աշխարհաւն,
Եւ ամենայն ուժովն,
Կայր բդեաշխն Վաղինակ
Ի ծառայութեան արքային հանապազ։

Բուզ., Գ. 9

Մի ուրիշ դրվագի մեջ (Բուզ., Գ. 8) Բզնունի իշխանը, որին թագավորը զորքով ուղարկել էր պարսիկների հարձակման դեմն առնելու, դավաճանում, անցնում է թշնամու կողմը։ Նա իր զորքերը կոտորել է տալիս և պատրաստվում հարձակվելու թագավորի վրա։ Բայց սրա