բնիկ տիրոջը, «բնակ տերանց, Արշակունեաց քաջ արանց և տան և կենաց» (Բուզ., Գ. 11):
Դա թագավորող հարստության հայացքն է եղել։ Բայց դա միանգամայն և հոգևորականի կարծիքն էր, որ երևում է վեպի մեջ։ Նույնը հոգևորականների ձեռով քարոզել է և եկեղեցին, որի շահերն այս դեպքում համապատասխան են եղել թագավորների շահերին: Եթե չլիներ բնիկ տերը, այն ժամանակ պարսիկները պիտի տիրեին իրենց մոգական կրոնով: Այդ հանգամանքը շատ լավ գիտակցել են կաթողիկոսները ոչ միայն 5-րդ, այլ նաև 4-րդ դարում։ Եվ այդ հայացքն ևս մտել է վեպի մեջ, միայն Բուզանդի գրչի տակ չափազանց ընդարձակված և թանձրացած գույնով։ «Մերժել զբնակ տեարսն ձեր… և օտար տերանց ծառայել»,— ասում է Ներսեսը նախարարներին,— այդ նույն է, թե «և նոցին անաստուած կրօնիցն ցանկալ… ծառայել անաստուածն մոգութեան անօրինացն և նոցուն պաշտօնէիցն» (Բուզ., Դ. 51, այլև Գ. 11)։ Ուստի աշխարհի և աշխարհի բնիկ տիրոջ համար մեռնելը՝ նույն է և եկեղեցու համար մեռնել: Հակառակ վարվողները դավաճան են և ամեն անարգանքի արժանի։ Ահա՛ վիպասանն ինչպիսի լեզվով է բնորոշում իր թագավորին դավաճանող Փիսակին։
Արդ մինչ դեռ ևս յոյժ խաղաղութիւն էր
Ի մէջ թագաւորացն երկոցունց,
Անկաւ ի տեառնէ խռովութիւն
Ոչինչ բանիւք, արամբ միով անարգաւ,
Որ ոչինչ պակաս քան զդև էր մոլորութեամբ…
Ի ձեռն մոլեկան Փիսակայն…
Եւ այսչափ և այսպիսի բանիւք
Գրգռէր զնա Փիսակն անօրէն
Ի վերայ տեառն իւրոյ բնակի…
Ի կատաղախօս, ի շնաբերանն Փիսակայ…
Ի բերանոյ շորիկն շոգմոգն,
Տիրանենգն և տիրադրուժն,
Տիրասպանուն, տիրամատնիչ Փիսակայ,
Յայն աշխարհակորոյս յառնէ անտի։
Չպիտի կարծել, թե իր տիրոջը՝ Տիրան թագավորին մատնող սենեկապետին տրված այդ պարսավանքը վեպից չի ծագում, այլ Բուզանդ հեղինակից։ Վերջինս բնավ չի սիրում Տիրանին և հենց նույն դրվագի մեջ իրենից ավելացրած մասում գրում է… «յանօրէնն Տիրանայ», մինչդեռ վիպասանի համար Տիրանը մի «բնակ տէր», մի սիրելի անձ է. նախարարները և «ամենայն աշխարհաժողովք բազմութեանն»