Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարկ կրակն ի քարն,
Քարն ի յանյատակ ծովն…

Բերենք մի ծննդկանի «աղոթք» ևս.

Ելանք դարով, շրջանք ձորով.
Մեր տերն էկավ, հազար բարով:
Ասինք՝ «Տե՛ր, ո՞ւր կ’երթաս»:
— Կերթամ դուռը հիվանդին,
Ելնեմ երդիկ տղոցկանին,
Զնջիլ քաշեմ բոլոր պատին,
Չվախենա սիրտն ի փորին:

Հմայական աղոթքների հետ կապված են զանազան ոգիների, չարքերի, քաջքերի և ուրիշների մասին սնհավատական զրույցները, որոնք կոչվում են «բան», «բանս»: Այդ զրույցներն ևս մեծ մասամբ նախնական ժամանակներից են գալիս: Պատմողներն ու լսողները հավատում են դրանց բովանդակության իրապես կատարված լինելուն: Հաճախ այդպիսի զրույցներն ասվում են ականատեսի կամ գործողության մասնակցի անունից, թե ինչպես իրենց ծանոթ այս կամ այն ինչ մարդն իսկապես տեսել է չարունք, քաջք, ալք, և իր գլխին ինչ են արել նրանք. հիշվում են գործողության տեղն ու ժամանակը և այլն: Այդպիսի հանդիպումների հետևանքն ըստ սնահավատքի լինում է հաճախ հիվանդություն, որ և կոչվում է «հանդեպք»[1]: Հմայեկների մեջ էլ պատմվում են անցյալում չարքերին տեսնելու և նրանց հետ խոսելու դեպքեր: Բերենք մեկը.

Սուրբ Սիսիանոս գայր ի լեռնէ ի վայր,
Եւ տեսաւ պեղծ մի չար.
Եւ ունէր աչք հրեղէն,
Եւ ի ձեռին երկաթի կտրոց,
Եւ հանդիպեցաւ ի տեղի աւազոյ:
Ասէ Սուրբ Սիսիանոս.
— Ո՞ւր երթաս, նզովա՛ծ պեղծ:
Պատասխանի ետ նմա և ասէ.
- Երթամ զմանկունս կանանցն թառամեցուցանեմ,
Զկաթն պակասեցուցանեմ,
Զաչսն խավարեցուցանեմ,
Ջըղեղն ծծեմ և համր առնեմ,
Եւ առնեմ զտղայն անժամանակ յորովայնի, և այլն:

  1. Մի քանիսը կան Գ. Սրվանձտյանց, Մանանա, Կ. Պոլիս, 1876, էջ 78 և հտն.: Առանձնապես Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, յոթներորդ գիրք, Թիֆլիս, 1891, էջ 24 և հտն., «Ոգիներ», Մ. Աբեղյանի ժողովածուից: