Եւ անտի սակաւիկ մի ոգի առեալ,
Դարձեալ ելեալք մարտնչէին,
Մինչև անմի զզօրսն Արանց առնէին։
Եւ միւս ևս՝ որ ընդ այս եմ զարմացեալ ես,
Ընդ մտերմութիւն միամտութեանն Հայաստան գնդին.
Ընդ տիրասիրութեանն։
Զի այնչափ ամք են՝ զի տէրն նոցա Արշակ
Կորուսեալ է ի նոցանէն,
Եւ նոքա ի պատերազմին ի նա խրախուսէին։
Եւ յորժամ զախոյեանսն ընկենուին,
Համակ ասէին, թէ՝ «Ա՛ռ, Արշակ»,
Եւ նա չէր ի մէջ նոցա։
Եւ նոքա առ գութ տիրասիրութեանն,
Զոր առ բնակ տէրն իւրեանց ունէին,
Զամենայն ախոյեանսն, զոր սպանանէին՝
Նմա՛ նուիրէին։
Եւ կամ մոլեկան գունդն Մուշեղեան,
Զի ինձ այսպէս թուէր, եթէ հուր, բոց,
Ի գնդէն ելանիցէր և ի նշանացն,
Իբրև ի հուր հրդեհի
Այնպես անցանէր ընդ գունդն,
Որպէս բոց ընդ եղէգն։
Եւ այսչափ ժամանակք են,
Զի Արշակ տէրն նոցա ի նոցանէն կորուսեալ է,
Զի յԱնդմըշն բերդի կայ յերկրին Խուժաստանի,
Եւ նոքա առ գութն համարէին,
Թէ ի գլուխ նոցա նա իբրև թագաւոր կայցէ.
Եւ կամ ընդ նոսա արդեւք ի մէջ գնդին կայցէ,
Ի գլուխ ճակատուն պատերազմին,
Եւ նոքա առ նմա առնիցեն պաշտօն յանդիման նորա:
Այլ, ասէր, երանի՜ որ Հայոց գնդին տէր իցէ,
Այնպիսի տիրասէր և միաբան, միամիտ զօրացն»։
Բոլոր «զ օ ր ք ի» գաղափարական հերոսության ու տիրասիրության» այսպիսի դրվագները հորինված են, անշուշտ, Արշակունիների և Մամիկոնյանների շրջաններում։ Դրանցով նրանք պրոպագանդա են արել ազնվականության մեջ՝ զորացնելու համար նրանց հավատարմությունն առ Արշակունի թագավորները։
2. Թագավորի անձի անձեռնմխելիություն և ազգային պատվասիրություն։— Այն դարաշրջանում ոչ միայն Հայաստանի թագավորները, այլև Հռոմայեցոց կայսրները շարունակ ենթակա էին բռնի մահացման