իրենցայինների ձեռով, Հայոց թագավորներն ավելի հարևան իշխողների կողմից։ Ուստի մի ուրիշ գաղափար էլ, որ անհրաժեշտորեն զարգացրել են, է՛ թագավորի անձի անձեռնմխելությունը, և բացի այդ՝ նաև թագավորի անվտանգության համար հոգալը։ Այս երկու մոտիվները, ինչպես և մյուսները, հատուկ են ընդհանրապես ուրիշ հերոսական վեպերի ևս։ Բագավանի ճակատամարտի գեղեցիկ դրվագը (Բուզ., Ե. 4) հորինված է, ի միջի այլոց, այդ գաղափարների ծավալման համար: Թագավորին չեն թողնում, որ ճակատ մտնի, որպեսզի նա վտանգի չենթարկվի։ Նա նստում է Նպատ լեռան գլխին և այստեղից դիտում է ճակատամարտը։
Այդ դրվագի մեջ մի առանձին կերպով երևան է գալիս նաև ազգային պատվասիրության գաղափարը, որով նույն ազգին պատկանողները նախանձախնդիր են իրենց «ազգային» պատվին, հարկավ, ըստ ազնվականի հասկացության։ Պարսից բանակը մի կողմից, և հռոմեական ու հայկական զորքերը մյուս կողմից՝ պատրաստվում են ճակատամարտելու: Աղվանից թագավոր Ուռնայրն ասում է Շապուհին.
«Կա՛մ լիցի քեզ, արանց քա՛ջ,
Զի և ինձ պարգև հրաման տացես,
Զի Հայոց գնդին Պապայ արքային
Ես ինձէն ելից իմով գնդովս նահատակ։
Զի Արեաց գնդին պատեհ է
Դիպան ելանել զօրացն Յունաց,
Իսկ ես իմով գնդաւս՝ Հայոց իշխանացն ելից»։
Եւ Շապուհ թագաւորն հաճեցաւ,
Եւ շնորհ կալաւ, և հրամայեաց։
Բայց Մերուժանայ Արծրունւոյ
Պատասխանի տուեալ Ուռնայրի, ասաց.
«Աստ արկեր զգազիւ գիրկս.
Բայց թէ ժողովել կարիցես, մեծ զարմանք իցեն»։
Նույնիսկ Մերուժան «վատանշանը», «չարագործը», իր հայ ազնվականի պատիվը վիրավորված է համարում, որ այդ թագավորը Հայոց գնդին հավասարեցնում է աղվանական գունդը։ Դա նվաստացում էր հայ զորականության համար։ Ուստի Մերուժանը ծածուկ մարդ է ուղարկում, Մուշեղին իմաց տալիս այդ մասին, ավելացնելով՝
Մուշեղը հաղթում է ճակատամարտի մեջ և վրա է հասնում Ուռնայրին։ Պատմվածքն այնպես է առաջ տարված, որ սպասում ենք, թե նա պիտի սպաներ այդ թագավորին այն վիրավորանքի համար, որ անգամ Մերուժանը չէր տարել։ Բայց վիպասանի վերջնական նպատակն այդ չէ, այլ ցույց տալ Մուշեղի տիրասիրությունը։ Նա պատժում է հանդունգն թագավորին իր ասած խոսքի համար, բայց ահա թե ինչպես։