Եւ ոչ մի այր ոչ ոք է երթալոց
Ի թիկունս օգնականութեան նորա։
Նմա թէ պէտ իցէ, տացէ պատերազմ, թէ պէտ՝ մի՛,—
Մեր թողեալ զնա, մեզ չէ փոյթ»:
Նրանք չեն լսում Ներսեսի խրատին և աղմկելով ցրվում են իրենց տները։
Զաղաղակ հարկանէին,
Քարոզ կարդացեալ՝ միմեանց ձայն առնէին,
Շփոթէին, ամբոխէին և ասէին.
«Հա՛պա, գնասցո՛ւք ասեն,
Սփռեցարուք յիւրաքանչիւր տեղիս,
Զի այդմ բանից մեք ինչ ոչ կամիմք լսել»։
Սփռեցան յիւրաքանչիւր տունս իւրեանց։
Շատ էլ հերոս Արշակը, «Արշակ Քաջը», ցանկանում է պատերազմը շարունակել, բայց «զօրքը», ինչպես կոչվում էր ազնվականությունը, համաձայն չէ դրան։ Մյուս կողմից Շապուհը նենգությամբ նվերներ ուղարկելով՝ թուղթ է գրում և սիրով խնդրում Արշակին, որ գնա նրա մոտ,
Զի յայնմ հետէ արասցեն ի մէջ իւրեանց
Սէր և խաղաղութիւն և բարեկամութիւն մեծ։
Արշակն ստիպված համաձայնում է հաշտվելու։ Շապուհը դարձյալ կանչում է նրան իր մոտ, ասելով.
«Իսկ եթէ հաճ եմք ես և դու ընդ միմեանս,
Ե՛կ տեսցուք զմիմեանս.
Եւ յայսմ հետէ իբրև զհայր և զորդի լիցուք ընդ միմեանս,
Ապա թէ ոչ տեսանես դու զիս,
Խնդրես զպատերազմ ի մէջ իմ և ի մէջ քո»։
Արշակը պահանջում է նրանից հավատարիմ երդում, և Շապուհն ուղարկում է «ըստ օրինացն հաւատարիմ երդմանց թագաւորութեանն Պարսից՝ աղ, կնքել վարազ նկարագիր մատանեաւ»։ Այդ էլ որ տեսնում են, Հայոց երկրի բոլոր մարդիկն ստիպում են թագավորին գնալ Շապուհի մոտ։
Յայնմ հետէ թէ կամաւ և թէ ոչ կամաւ,
Յարեաւ թագաւորն Հայոց Արշակ,
Առ ընդ իւր զզօրավարն,