զնոսա»). նա միաժամանակ և ստիպված էր մենակ երկարամյա ծանր պատերազմ վարել իրենից շատ ու շատ ավելի զորեղ Շապուհի դեմ, որ ձգտում էր ոչնչացնելու նրան և նրա տերությունը: Արշակին և նրա նախորդներին ու հաջորդներին հենց այդպիսի քաջության և արության մասին երգեր ու վեպեր էին պետք, հերոսական բանաստեղծություն և հերոսների գաղափարականացում էր հարկավոր իբրև պրոպագանդայի միջոց։ Վիպասանի հայացքը վեպի և պատմության վրա՝ այնպիսի էր, որ նրա համար միևնույն էր, թե երգ ու վեպի մեջ իրական, այսինքն իսկապես կատարված եղելություններ և իրոք ապրած անձե՛ր են հանդես գալիս, թե՛ չէ։ Բավական էր, որ դրանք կարող էին ունկնդիրներին երազել տալ նույնպիսի սխրագործությունների մասին։ Թագավորին ու իր սպարապետներին անհրաժեշտ էր ծանր պատերազմի ժամանակ ամրացնել իրենց դիրքը։ Դրա համար նրանց պետք էր պարծենալ իրենց գործերով, իրենց ծագումով փառավոր նախնիքներից։ Նրանց հարկավոր չէր եղելությունների իսկական պատմությունը, և վեպի նպատակը չի եղել վերարտադրել պատմությունը։ Գուսանը վիպում է այնպիսի պատմություններ և պատմական իրակություններն այնպես է փոփոխում և այնպես է պատմում, որ հնարավոր լինի ազդել ունկնդիրների վրա հերոսականով, անպարտելի մարտիկների սխրագործություններով, որպեսզի ունկնդիրներն իրենք էլ ցանկանան նույնն անել։
Ուսյալ Ղազար Փարպեցին, անշուշտ, «ճշգրտաբանաթիւն» չէր համարում և չէր էլ կարող համարել Բուզանդի բոլոր չափազանցումները: Նա, Վահան Մամիկոնյանից քաշվելով, մեղմորեն նկատում է, թե Մամիկոնյանների այդ պատմության մեջ կան «ի տեղիս ուրեք… բանք ինչ ոչ յարմարք և դիպողք», «անպատշաճ կարգումն»։ Նա այդ պատմությունն անվանում է նույնիսկ ոչ «գիտնոց բանք», այլ «անմտացն շաղփաղփանք»։ Այդպես չեն մտածել, սակայն, Ղազարի ժամանակակից մարտիկներն իրենք, ինչպես, օրինակ, ըստ Փարպեցու, «Մտաւոր և քաջ այրն Վահան, տէրն Մամիկոնէից, զորավարն Հայոց», որ շատ մարտեր էր վարել պարսիկների դեմ։ Նա «արթնամիտ խորհրդականութեամբ ուշադրեալ այսմ ամենայնի»,— այսինքն Բուզանդի մասին եղած կարծիքներին,— հրամայում է Փարպեցուն՝ պատմությունը շարունակել Բուզանդի թողած տեղից։ Նրան պետք էր ոգևորել ռազմիկներին քաջերի ու արիների օրինակով, թեկուզ նրանց մտացածին գործերով, և զգուշացնել անարիներին և վատերին դավաճանների օրինակով՝ պարսավելով նրանց արարքները և պատժել տալով նրանց: Այս նպատակն է դնում Վահանը պատմության համար[1], նույնպես և ինքը Ղ. Փարպեցին և ընդհանրապես հին պատմագիրները։ Չպետք է կարծել, թե այն, ինչ որ պատմագիր Ղազարն ու զորավար Վահանը մտածել և գործադրել են գրավոր կերպով, նույնը չեն արել առաջ, գիր չեղած ժամանակ, ուրիշ զորավարներ ու
- ↑ «Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց», Թիֆլիս, 1907, էջ 12։