թագավորներ և գուսանները։ «Տարեգրությունների և էպոսի սոցիալական միտումը միևնույնն է։ Տարեգրությունները, ինչպես և վեպը, գովաբանական են»: Նրանց բովանդակությունն էլ ընդհանրապես նույնն է. թագավորների և իշխանների պատերազմներ, հաղթություններ, ազգաբանություններ, մահեր և այլն, միայն վեպի մեջ այդ ամենն առանց որևէ ժամանակաբանության և ավելի չափազանցրած և ընդհանուր վիպական մոտիվների հետ ավելի խառն։
1. Սյուժետները:– Մեր այս վեպը բավական հարուստ է զանազան սյուժետներով։ Կան նաև նույն սյուժետների փոփոխակներ, որոնք վկայում են, որ վեպը բերանացի ապրել և զարգացել է մինչև 5-րդ դարի կեսերը։ Դրանից է առաջացել այն, որ մեր այս վեպի մեջ պատմագիր Բուզանդը կամ հենց վիպասանները մտցրել են կրկին պատմվածքներ, այսինքն՝ միևնույն դեպքը, փոքր-ինչ փոփոխված ձևով, պատմվում է երկրորդ անգամ։ Այսպիսի կրկին պատմվածքներ են անպայման հյուսիսային ազգերի արշավանքները Խոսրով Կոտակի, սրա հոր՝ Տրդատի, սրա հոր՝ Մեծն Խոսրովի օրով, և եթե ավելի բարձր գնանք ըստ Խորենացու, Մեծն Խոսրովի հոր՝ Վաղարշի օրով ևս, որ թոռն է վիպական Արտաշեսի, որի օրով նույնպես արշավում են հյուսիսականները։ Դա մասամբ, անշուշտ, անդրադարձում է կյանքի մեջ իրոք կրկնված նման եղելությունների։ Կրկին պատմվածքներ են Արշակի երկու անգամ փախչելը Պարսից Շապուհի մոտից (Բուզ., Դ. 16, 20), և պարսիկների բազմաթիվ հարձակումները միևնույն թագավորի կամ զորավարի օրով, ինչպես Խոսրով Կոտակի, մանավանդ Արշակի, Վասակի ու Մուշեղի։ Խորենացին, օրինակ, մի Ձիրավի ճակատամարտով վերջացնում է պարսիկների դեմ կռիվը Պապի ժամանակ. իսկ Բուզանդը, որ հավատարիմ է մնում ժողովրդական պատմվածքին, երեք անգամ Շապուհին հարձակվել է տալիս հայերի վրա. իսկ Արշակի ժամանակ շատ ավելի անգամ։ Հիշենք նաև Աղձնյաց բդեշխի ապստամբությունը և պատժվելը մեկ՝ Խոսրովի օրով, երբ Բակուր բդեշխի որդիներից մեկն ազատվում է, մեկ էլ՝ Արշակ թագավորի օրով, երբ ամենից առաջ Աղձնյաց բդեշխն է անցնում Շապուհի կողմը, «և պարիսպ ածէին ի Հայոց կուսէ, որ Ձորայն կոչեն, դրունս դնէին և զատուցին զիւրեանց աշխարհն ի Հայոց»։ Պապի ժամանակ Մուշեղը բոլոր ապստամբ իշխանների հետ, ինչպես վերևում գրեցինք, պատժում է և Աղձնյաց իշխաններին. «Ձերբակալ արարեալ զբդեաշխն Աղձնեաց, առ նմին կոտորեցին զկանայս, և զորդիս նոցա ի գերութիւն վարեցին»։ Կրկին պատմվածքներ կարելի է համարել իսկապես նաև այն էպիզոդները, որոնք կազմված են միևնույն թեմայով, որ է՝ անհավատարիմ և անհլու իշխաններին պատժելը։ Դրանք ևս միևնույն սյուժետի վարիանտներ են: