Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այստեղ «ուրումն», «մի ի նախարարաց» որոշումները հենց ցույց են տալիս, որ մի առանձին պատում է սկսվում: Վիպասանը նկատի չունի նախորդ մասը, որ նա կարող էր նույնիսկ իմացած չլինել, ինչպես նույնը տեսնում ենք նաև «Սասնա Ծռերի» պատումների վերաբերմամբ: Բուզանդն ինչպես լսել է այդ Փառանձեմի պատումը, այնպես և սկսել է պատմել:

Մի ընդհանուր գործողության կապ տեսնել «Պարսից պատերազմի» բոլոր տարբեր պատումների միջև՝ իբրև միության կենտրոն, իհարկե կարելի չէ։ Բայց և այնպես այդ տարբեր պատումներն իրար հետ միացած մի մեծ ամբողջություն են առաջ բերել, թեպետ ոչ գեղարվեստական և ոչ այն մտքով, թե այդ ամբողջը ծայրե ծայր մի վիպասանից պատմված լինի։ Դա մի վեպ է եղել և ունի իր միության կենտրոնն այն ձևով, ինչ ձևով որ Ֆիրդուսու Շահնամեն ունի։ Այստեղ միությունը կազմում է Իրանի և Թուրանի կռիվը, որ իրար հետ կապում է բազմաթիվ իրար հաջորդող սերունդների մասին պատմված տարբեր վեպերը. իսկ մեր այս մեծ վեպի միությունն է Հայոց և Պարսից պատերազմը։ Առաջին ճյուղի մեջ հենց սկզբից, ինչպես պետք էր, դրվում է այդ ընդհանուր դրույթը, թեման, որից, իբրև հիմնական պատճառից, ծագում է գործողությունը, որով և ամբողջ վեպը միական երկ է դառնում։ Դա երկու երկրի հարստությունների հակամարտությունն է, Հայաստանում՝ Արշակունի տոհմի, որի կողքին կա պատերազմ վարող սպարապետությունը, իսկ Պարսկաստանում՝ Սասանյան տոհմը, այդ տոհմի թագավորն իր մեծամեծների խորհրդով։ Այս երկուսն իրար հետ բախվում են իրենց տոհմային շահերով, մի բախում, որ ժամանակակից կարևոր արդիական իրականություն, քաղաքական խնդիր է եղել, իսկ Հայաստանի համար ոչ միայն ներկայի, այլև ապագայի նկատմամբ։ «Ոչ թողից (զ)քեզ և ոչ որդւոց քոց [չեմ ներիլ քեզ և քո որդիներին] զվրէժ նախնեաց իմոց և զմահն Արտևանայ արքայի»։ (Բուզ., Դ. 54),— Արշակ թագավորի այս խոսքը, որ նա ասում է Շապուհին, առաջնորդող գաղափար է եղել հայերի համար պատերազմի սկզբում միայն, երբ նրանք վրեժ առնել են ուզում։ Բայց շատ շուտով գրությունը փոխվում է. հայերը կռվում են իրենց անկախության համար։ Ինչպես վերևում ասվեց, վեպի կենտրոնական գաղափարն է երկրի պաշտպանությունն ի դեմս Արշակունի բնիկ թագավորական տոհմի։ Այս է հիմնական ընդհանուր գաղափարը և ընդհանուր դրությունը, որ անցնում է ամբողջ վեպի միջով, որի մեջ և կատարվում են սերունդների հաջորդությամբ բազմաթիվ իրողություններ։ Դրանով և միանում են վեպի առանձին մասերը։ Դա եղել է և իրականության, իրական պատմական կյանքի էական խնդիրը. վեպն օբյեկտիվ իրականության ցոլացումն է։ Այս ընդհանուր դրությունը, ընդհանուր շահն ու խնդիրը, միևնույն ժողովուրդների, պարսից և հայոց դարավոր ձգտումներն իրար վերաբերմամբ, դա է վեպի միության գլխավոր կապը, իբրև մի ընդհանուր ֆոն, որի մեջ զետեղված