Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գործող անձերի բնավորությունն և նրանց հոգեկան վիճակը պարզվում է գլխավորապես նրանց արարքներով և խոսքերով: Այս նկատմամբ նրանք,— ինչպես վեպերի մեջ սովորաբար և ինչպես նյութից իրենից բխում է,— բաժանվում են երկու խմբի— հայեր և պարսիկներ, որոնք իրար հակառակ են։ Պարսիկները բնորոշվում են իբրև չարակն, հաչաղկոտ, չարաբարո, նենգ, դառնացող, չար ազգ.

…Վասն չարակնութեան, յաչաղանաց,
Չարաբարութեան, նենգութեանն ազգին պարսկաց…
Վասն դառնացող չար ազգին,
Չարութեանն դառնացող ազգին։

Բուզ., Գ. 20

Նրանց զորավարները, որ հարձակվում են Հայաստանի վրա կոտորելու համար, բոլորն անկամ մարդիկ են։ Երևում են միայն թագավորները՝ Արտաշիր, Ներսեհ, Շապուհ, իսկ իշխաններից՝ Անակ, Շապուհ-Վարազ։ Այդ մարդիկը բոլորը դավադիր են, սեր ու բարեկամության պատրվակի տակ աշխատում են

Հնար գտանել, մարթել ճանապարհս,
Մեքենայիւք գայթակղութիւնս դնել՝
Որսալ, ըմբռնել զարքայն Հայոց։

Եվ այդպես էլ վարվում են. Արտաշիրն Անակի ձեռով դավադրությամբ սպանել է տալիս Խոսրովին. Ներսեհը Վարազ-Շապուհի ձեռով գերում է Տիրանին, և Շապուհն Արշակին է խաբեությամբ բռնում։ Նրանք միշտ աչք են տնկել Հայաստանին, ավերելու և կողոպտելու Հայոց աշխարհը։

Հայերն, ընդհակառակն,—եթե դավաճաններ չեն և պարսիկների կողմն անցնող,—միամիտ են, պարզամիտ, նույնիսկ թեթևամիտ, սրտաբաց ու հյուրընկալող են, պարսիկներից կասկածոտ, բայց և խաբվող ու վնասվող։ Նրանք օտար երկրի աչք դնող չեն, բայց և իրենց երկրի քաջ պաշտպան են։ Հայ զորքը դժվարանում է նույնիսկ մի փոքր երկար մնալ օտար աշխարհում.

Զի լաւ հաշուէին զմեռանելն
Առաւել քան զյամելն յօտար աշխարհին…
Իսկ Արշակ և ամենայն զօրք իւր
Տաղտապէին երթալ զհեռի ճանապարհն.
Զի ամենայն ոք յանձնիւր տուն,
Յիւրաքանչիւր տեղի,
Զօրէն բարուց Հայաստան մարդկան անձկացեալ էին։

Բուզ., Դ. 20