Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայերի կողմից որոշ գծագրված դեմքեր են Տրդատը, Արշակը, Վասակը, Մուշեղն ու Մանուելը, Փառանձեմն և ուրիշները։ Շեշտենք միայն, մի գիծ, որի մեջ վիպասանն ուժեղ կերպով հակադրում է հայ և պարսիկ հերոսներին։ Մինչ Շապուհը կամենալով «թշնամանս առնել (= անարգանք հասցնել) ազգին աշխարհին Հայոց և թագաւորութեանն»՝ անասելի կերպով անպատվում է Հայաստանի թագուհի Փառանձեմին և չափազանց անարգ կերպով է վարվում հայ ազատների կանանց հետ (Բուզ., Դ. 55, 58), Մուշեղն, ընդհակառակն, գերելով Պարսից տիկնանց տիկնոջը և Շապուհի բոլոր կանանց, պատվավոր կերպով ետ է ուղարկում նրանց իրենց ամուսնուն (Բուզ., Ե. 2), ինչ որ և հետագայում առիթ է դառնում նրա սպանվելուն։

5. Ոճը։— Մեր երկրորդ հին վեպի ոճի մասին լիովին ճիշտ գաղափար չենք կարող կազմել, քանի որ ամբողջական իսկական բնագիրը չունենք և չենք էլ կարող ասել, թե Ագաթանգեղոսն ու Բուզանդը որչափով բառացի են օգտված իրենց իմացած և ուրիշներից լսած գուսանական երգերից ու պատմվածքներից։ Բայց և այնպես, ինչպես երևում է, Բուզանդի «Հայոց պատմության» մեջ շատ բան բառացի բերված կա այնպես, ինչպես բերանացի կպատմեր ինքը գուսան-վիպասան Բուզանդը։ Այս պատճառով բանահյուսական տարրերը, ինչ որ ոճին և ոտանավորին է վերաբերում, բավական տեղ ունեն նրա գրքի մեջ։ Նույնը պակաս չափով նաև Ագաթանգեղոսի վիպական մասի մեջ։ Հենց սրանից է առաջանում Բուզանդի գրքի ոչ միայն բովանդակության, այլև ոճի առանձնահատկությունը մեր հին մատենագրության մեջ։

Ամեն քիչ ու շատ հմուտ ընթերցողի համար զգալի է, որ Բուզանդի լեզուն սովորական հին գրական հայերենը, գրաբարը չէ։ Դա ունի «ժողովրդական ոգի». թեպետ «բազմաբառ» է, լի կուտակումներով, և հաճախ անկանոն և ավելորդաբան ու անկապ նախադասություններով, բայց բնական է, հեշտ հասկանալի, ընտանի և հարազատ, լի արդի աշխարհաբարի դարձվածներով։ «Ամենայն ինչ բնական է, առանց արվեստի և արվեստականության և հարկ է ըսել՝ հոն լոկ բնությունն է խոսողը։ Վերջապես լեզվովը խորին հայկաբան, քերականական տրամաբանությամբ՝ ճշտիվ ռամիկ, ոճովն՝ արևելյան»[1]։ Ոճի այս հատկությունը ծագում է, բնականաբար, ավանդական բանահյուսությունից, որ Բուզանդի համար ծառայել է իբրև աղբյուր։

Փավստոս Բուզանդ հեղինակի կարծեցյալ օտարազգիության մի նշան համարել են այն, որ նա իր գրած Պատմության մեջ իբրև երբեք չի գրում «աշխարհս Հայոց»։ Նախ՝ սխալ է այդ. Բուզանդի գրքի մեջ թեպետ սակավադեպ, բայց կան Պատմագրի կողմից գործածված՝ «աշխարհս Հայոց», «երկիրս Հայոց»։ Ապա հայտնի է, որ ավանդական վեպը հենց՝

  1. Ա. Այտնյան, Քննական քերականություն, Ներածաթյուն, էջ 59, այլև էջ 63—118: Ժողովրդական ձևերի ու դարձվածքների մասին։