Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համարվում է ամենից ավելի օբյեկտիվ կամ, ինչպես ասում են, անանձն, անդեմ երկ, այսինքն՝ դրա մեջ հանդես չի գալիս կամ հազվադեպ է երևում վիպասանի դեմքը։ Պատմվածքը չի արվում առաջին դեմքով։ Ուստի եթե Բուզանդի «Հայոց պատմության» մեջ առաջին դեմքով գործածությունները սակավաթիվ են և որ այդ գրվածքի մեջ չի երևում հեղինակի դեմքը կամ շատ քիչ է երևում, այդ հենց ցույց է տալիս, որ նրա գրքի մեջ բավական հարազատությամբ օգտագործված են վիպական աղբյուրները, լինին սրանք հերոսական վեպը, թե եկեղեցական զրույցները։

Վիպական ոճի էական հատկություններից մեկն էլ այն է, որ վիպասանները պատմում են ինչպես ականատեսներ, հիշելով տեղերի ու մարդկանց անունները։ Նրանք հաջորդաբար ստեղծում են և սիրով ու դանդաղ պատմում են մանրամասնություններ և այնպիսի հանգամանքներ, որ մեզ համար երկար ու ձիգ են, բայց վիպական ժամանակի պարզամիտ ունկնդիրների համար գրավիչ են եղել։ Այդպիսի վիպական կենդանի պատկերներով զարդարված են այս վեպի գրեթե բոլոր դրվագները։ Այդ մանրամասնությունների մեջ մեկ-մեկ նկատվում են, ինչպես ասել են, «խիստ անպարկեշտ տեսարաններ», որ նույնիսկ «լկտիություն» են համարել։ Այսպես է, օրինակ՝ Մերուժանի խոսքը.

Եւ խնդալից եղեալ՝ ասէր,
Պարծելով առաջի իւրոց զօրացն,
Թէ՝ «Վաղիւ յայս ժամ
Իմ կալեալ կապեալ ընկեցեալ զՄանուէլն,
Եւ յանդիման նմին
Զկին նորա Վարդանոյշ խայտառակեալ իցէ»։

Բուզ., Ե. 43

Այսպես են նաև այն տեսարանները, որոնցով Շապուհն անպատվում է Փառանձեմին և ազնվականների կանանց։ Այն դարաշրջանում, երբ ապրել են վիպասանները, ամեն մի՝ այժմ անպարկեշտ համարված բան ասում պատմում էին առանց դրա մեջ որևէ անթույլատրելի բան տեսնելու, ինչպես որ այժմ էլ մեր պարզամիտ գյուղացիների մեջ, նույնիսկ կանանց մոտ, ամեն ինչ պատմվում է իր անունով։ Այսպես և Մանուելը բազմության առաջ, թագուհու ներկայությամբ, մերկանում է և իր մարմնի սպիները ցույց տալիս. «զի յառնի յանդամսն աւելի քան զյիսուն սպի կայր վիրաց, և զայն անդամ բացեալ՝ առաջի ամենեցուն ցուցանէր» (Բուզ., Ե. 44)։ Այսպիսի մի քանի հատվածներ կան նաև «Սասնա Ծռերի» մեջ։

Ապա վիպական ոճին հատուկ են կրկնությունն և չափազանցությունը։ Վիպական կրկնությունը կամ «կրկնության ոճ» ասածն առաջ է գալիս ոչ միայն նույնաբանությամբ, նույն կամ համանիշ բառերի կրկնությամբ, որ երբեմն առանձին ճոռոմաբան հեղինակներն էլ սիրում են