Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիրառել, այլ նաև նույն և նման հատվածների ու բանաձևերի, մակդիրների, կամ արտահայտության ձևերի կուտակումով, կամ թե միևնույն միտքը հեղհեղվում է զանազան խոսքերով։ «Պարսից պատերազմը», մանավանդ Բուզանդի մեջ, լի է այսպիսի ոճական հատկություններով, որ կարելի է տեսնել վերևում դրված կտորների մեջ։ Բերենք այստեղ մի քանիսը միայն։

Եւ չգոյր թիւ բազմութեան հեծելազօր գնդացն,
Եւ ոչ համար շերտաւոր հետևակ զօրուն.
Զի և ինքեանք զինքեանս,
Զիւրեանց զօրսն թուել ոչ կարէին…
Եւ ելին, լցին, ծածկեցին զամենայն երկիրն Հայոց.
Քանդեցին, գերեցին, առ հասարակ աւերեցին.
Սփռեցան, տարածեցան զսահմանօք…
Հասանէին, հարկանէին, սատակէին…
Եւ լնուին զդաշտն առապարացն
Առ հասարակ դիակամք մեռելոց.
Մինչ զի իբրև զգետ յարուցեալ
Երթայր արիւնն անհնարին։

Բուզ., Գ. 7

(Վերջին տողը հմմտ. «Սասնա Ծռեր».

Արնէ խեղեղ ելաւ, էնոնց լեշեր տարաւ)։

Եւ տեսին զօրսն Պարսից,
Զի ոչ գոյր թիւ բազմութեանն.
Զի էին իբրև զաստեղս երկնից,
Եւ իբրև զաւազ առ ափն ծովու.
Զի եկեալ էին անթիւ փղօք և անչափ զօրօք։

Բուզ., Գ. 8

(Հմմտ. «Սասնա Ծռեր».

Քանի մ’աստղ երկինք կա,
Մսրամելիք ընցկուն չադըր—խեվաթ ածի մընչ դաշտին)։

Ինչպես տեսանք, «Պարսից պատերազմի» մեջ հերոսների գաղափարականացումը կատարվում է նրանց արարքների չափազանցումով և նույնի, նույն սյուժետների ու մոտիվների կրկնությամբ։ Ոճի նկատմամբ՝ դրան համապատասխան են չափազանցությունն ու կրկնությունը։ Ժամանակի ունկնդիրները իրենց պրիմիտիվ մտածությամբ չէին խորշում թե՛ բովանդակության և թե՛ ոճական կրկնությունից ու միակերպությունից,