Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ ընդհակառակն, ինչպես երեխաները, նույնիսկ սիրում էին այն: Ուստի և վերևում հիշված ոճական հատկությունները գտնում ենք ընդհանրապես նաև ուրիշ ազգերի ժողովրդական վեպերի մեջ իբրև մնայուն ձևեր։

6. Ոտանավորը:— Թեպետ պատմագիրները (Բուզանդ և Ագաթանգեղոս) մեր երկրորդ հին վեպի իսկական բնագիրը ճշտությամբ չեն բերել, բայց, ինչպես վերևում ասվեց, կան մոտավորապես բառացի կտորներ, ուստի և ոտանավորը դեռ տեղ ունի նրանց գրքերի մեջ, կամ ճիշտ ասած, վեպի ոտանավորներն ամբողջությամբ չեն վերածված արձակի։ Չափածոյությունը պարզ երևում է նրանց շատ տողերի մեջ։ Ոտանավորի չափը նույնն է, ինչ որ նաև մեր բազմաթիվ հոգևոր երգերի և Վիպասանքի մեջ, այլև «Սասնա Ծռերի» ու վիպական երգերի[1]։ Այստեղ պետք է նկատել միայն, որ, ինչպես մեր հին բանաստեղծության մեջ ընդհանրապես, նույնպես և հին վեպերի մեջ «Զ» նախդիրը բաղաձայնից առաջ և «Ն» հոդը բաղաձայնից հետո ու հաջորդ բաղաձայնից առաջ, և «Ք», «Ս» հոգնակի վերջավորությունները կարող են և վանկ համարվել և չհամարվել։ Բացի այդ՝ Բուզանդի ձեռագիրների մեջ կան բազմաթիվ այլընթերցվածներ, որոնց մեջ ոտանավորն ավելի ռիթմիկ է։ Պետք է ասել նաև, որ այս վեպի չափածոյությունն առաջին անգամն է նկատվում և գրվածքն առաջին անգամ տողատվում այս աշխատության մեջ։ Ապագայում, երբ ձեռագիրների այլընթերցվածները համեմատված և տպագրված կլինեն, բանաստեղծական կտորների տողատումն ավելի աջողությամբ գլուխ կգա։

  1. Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տաղաչափություն, Երևան, 1933, էջ 365—380։