1. Կենսագրական։— Հայոց գրականության առաջին հռչակավոր մատենագիրն է Մովսես Խորենացին, շատ կարդացված, սիրված ու փառաբանված, շատ էլ դատափետված։ Նրա անունով մնում են մի շարք երկեր[1], որոնցից ամենահայտնին է նրա «Հայոց Պատմությունը»[2]։ Կենսագրական տեղեկություններ նրա մասին ունենք միայն նրա այս աշխատությունից։
Սրա Գ. գրքի 61-րդ գլխի վերջում նա պատմում է, թե Եփեսոսի ժողովից (431 թ.) հետո թարգմանիչները Կոստանդնուպոլսից վերադառնալիս՝ բերում են «զստոյգ օրինակս Գրոց»։ Սահակն ու Մեսրոպը,— ասում է նա,— այդ որ ստացան, «դարձեալ թարգմանեցին զմի անգամ թարգմանեալն փութանակի, հանդերձ [նոքօք = աշակերտներով] վերստին յօրինեալ նորոգմամբ»։ Ապա ավելացնում է. «Բայց քանզի անգէտք էին մերումս արուեստի՝ ի բազում մասանց թերացեալ գործն գտանէր. վասն որոյ առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ զմեզ առաքեցին յԱղեքսանդրիայ, ի լեզու պանծալի, ի ստոյգ յօդանալ ճեմարանին վերաբանութեան»։ Հաջորդ 62-րդ գլխի մեջ, որի վերնագիրն է «Ի վարդապետսն, յինքն և ի ճանապարհորդութիւն ուսմանն, օրինակաւ երկնային զարդու», գրում է. «…մեք յաւետախաղաց շնորհիւ ցոլացեալ յիմանալի ճառագայթից հոգևոր հարցն [այսինքն՝ Սահակի և Մեսրոպի], ըստ հարաւային մասանցն պարայածեալք՝ յԵդեսացւոցն հասանէաք քաղաք. թեթևակի ընդ խորս դիւանին նաւեալ՝ անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել, և մնալ
- ↑ «Մովսիսի Խորենացւոյ մատենագրութիւնք», Վենետիկ, 1843. Պատմութիւն Հայոց (էջ 1—277), Թուղթ առ Սահակ Արծրունի (էջ 283—296), Պատմութիւն Հռիփսիմեանց (էջ 297—325), Յաղագս Վարդավառին (էջ 326—338), Յաղագս Պիտոյից (էջ 339—581), Աշխարհացոյց (էջ 583—616)։
- ↑ «Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց», բազմաթիվ ձեռագիրների բաղդատությամբ, աշխատությամբ Մ. Աբեղյան և Ս. Հարությունյան. քննական հրատարակություն ընդարձակ «Յառաջաբանով», Տփղիս, 1913. էջ ԾԳ—ԿԲ Մատենագրություն—տպագրություններ, թարգմանություններ, քննություններ և ուսումնասիրություններ։