Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ծաղկում։ Հռոմեական պետության մեջ էլ արդեն դա համարվում էր երկրորդ մայրաքաղաք և գիտության, փիլիսոփայական ուսման և ընդհանրապես մտավոր առաջադիմության նկատմամբ առաջին տեղն էր բռնում։ Քրիստոնեական ուսման նկատմամբ էլ Ալեքսանդրիան ուներ մեծ անցյալ։ Այնտեղից դուրս էին եկել նշանավոր քրիստոնյա գիտնականներ։ Ալեքսանդրիան «Արիոսական վեճերի ժամանակ երկար կռիվներից հետո՝ կարողացել էր իր վարդապետությունն ընդունելի դարձնել ամբողջ քրիստոնեական եկեղեցու մեջ»։ Դրանով այս քաղաքի եպիսկոպոսական աթոռն առաջնակարգ դիրք էր գրավել Արևելքում հակառակ Կոստանդնուպոլսի եպիսկոպոսների[1]։ Կյուրեղ Աղեքսանդրացու (412—444 թ.) օրով Ալեքսանդրիայի եպիսկոպոսությունն իր ուժի գագաթնակետին էր հասել և մեծ դեր էր խաղում նաև հենց Սահակի ու Մաշտոցի կյանքի վերջին տասնամյակում, երբ Մ. Խորենացուն և իր ընկերներին ուղարկում են այնտեղ։ Այդ քաղաքի եպիսկոպոս Կյուրեղ Աղեքսանդրացին էր կռիվ սկսել Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ և վերջը գլուխ բերել Եփեսոսի ժողովը։ Սահակն ու Մաշտոցը լավ տեղյակ էին Եփեսոսի ժողովի առթիվ տեղի ունեցած անցուդարձին։ Հայտնի է, որ Ե. Կողբացին այդ մասին Կ. Պոլսից նամակ է գրել Մաշտոցին։ Կորյունը հաղորդում է, թե «սիւնհոդոսական հայրապետները» գրում են Սահակին ու Մաշտոցին Թեոդիոսի [=Թեոդորոս Մոպսուեստացի] ի Հայաստան մուտք գործած գրքերի մասին։ Մ. Խորենացին ինքը (Գ. 61) Եփեսոսի ժողովի մասին գրելուց հետո՝ ավելացնում է, թե այդ ժողովից հետո Սահակին և Մեսրոպին գրում են «Կիւրեղ Աղեքսանդրացի և Պրոկղոս Կոստանդնուպօլսի և Ակակ Մելիտինեայ եպիսկոպոսք, զգուշացուցանելով զնոսա. քանզի լուան, եթէ ոմանք ի չարափառացն աշակերտաց առեալ զգիրսն Թէոդորոսի Մամուեստացւոյ [=Մոպսուեստացի], զվարդապետին Նեստորի և զաշակերտին Թէոդորի՝ գնացին յաշխարհն Հայոց»։ Մ. Խորենացու գրածը ստուգվում է նրանով, որ Պրոկղի և Ակակի թղթերը և նրանց պատասխանները Սահակից և Մաշտոցից՝ մնացել են[2]։ Նմանապես հավաստի է անշուշտ և Կյուրեղ Աղեքսանդրացու մասին գրածը։ Այսպիսի պարագաներում շատ բնական է, որ Սահակն ու Մեսրոպն աչքերը դարձնեին դեպի Ալեքսանդրիա և վճռեին իրենց աշակերտներին ուսման համար ուղարկել նաև այն քաղաքը, ուր այդ միջոցին եպիսկոպոսական աթոռն ուներ Կյուրեղ Աղեքսանդրացին։

Ի՞նչ ուսում է ստացել Մ. Խորենացին։ Նրա առաջին ուսուցիչները եղել են Սահակն ու Մաշտոցը. սրանք են լուսավորել նրան իրենց «իմանալի ճառագայթներից», այսինքն իրենց մտավոր լուսավորությունից։ Այդ ուսումը եղել է, անշուշտ, Ս. Գրքի և որոշ կրոնական գիտելիքների

  1. Երվանդ վ. Տեր-Մինասյանց, Ընդհանուր եկեղեցական պատմություն, էջմիածին, 1908, էջ 295:
  2. «Գիրք Թղթոց», Թիֆլիս, 1901, էջ 1—21։