Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթություն, հայերեն ու հունարեն, անպայման և ասորերն լեզուներ, հավանորեն և պարսկերեն ըստ ժամանակի պահանջի: Բայց որ գլխավորն է՝ նրանք իրենց աշակերտի մեջ զարթեցրած են եղել ուսման մեջ կատարելագործվելու մեծ սեր ու ձգտում: Թե ի՛նչ են արել Մովսեսն ու իր ընկերները Եդեսիայի դիվանում և ի՛նչ են եղել Պաղեստինական «հրահանգները», այդ հայտնի չէ: Բայց որոշ կարող ենք ասել, որ Ալեքսանդրայում նա հմտացել է հունարեն լեզվին, սովորել է «արվեստները», որ են՝ քերթողական, ճարտասանական և քերականական արվեստները: Մովսես Խորենացին կոչվում է սովորաբար «քերդող» և «քերդողահայր»: Ուրեմն նա ոչ միայն լրիվ յուրացրած պիտի լիներ այդ արվեստը, և քերդողությամբ հայտնի դարձած, այլև այդ արվեստն առաջին անգամ Հայաստան մտցրած, դրա համար և «քերդողահայր» մականվանն արժանացած: Նա սովորել է նաև «զզօրութիւնս պէսպէս իմաստից»: Այս «իմաստ» բառը թարգմանություն է հունարեն սոֆի՛ա բառի, որ նշանակում է՝ իմաստություն, գիտություն, բարձրագույն գիտություն, որ ձգտում էին ստանալ փիլիսոփաները- իմաստասերները: Պեսպես «իմաստների» - գիտությունների մեջ առաջին տեղը բռնում էր, հարկավ, հունական իմաստասիրությունը, փիլիսոփայությունը, դրա համար և նա իր ուսուցչին գովելով անվոնւմ է «Նոր Պղատոն»: Նա, ինչպես իր Հայոց Պատմությունից երևում է, ծանոթացած է եղել նաև հունական գրականությանը, առասպելաբանությանը, կարդացած հույն բանաստեղծների, պատմագրիների գրվածքները: Նա շատ անգամ հիշատակում է հույն նշանավոր հեղինակներ, որոնց գրվածքները, սակայն, ոչ բոլորը կարդացած պիտի լիներ Ալեքսանդրիայում, այլև մասամբ նաև Հայաստանում, և նույնիսկ նրանց թարգմանությունները: Բայց հաճախ տեղեկություններն առնում է ոչ բուն աղբյուրներից: Արտաքին ուսման հետևելով հանդերձ՝ նա միաժամանակ շարունակել է կատարելագործվել նաև եկեղեցական ուսման և գրականության մեջ: Լավ ծանոթացել է, անշուշտ, նաև երկերին Կյուրեղ Աղեքսանդրացու, որ, ինչպես ասվեց, ժամանակի նշանավոր հեղինակն էր, ուղղափառության ներկայացուցիչ: Նրա բազմաթիվ երկերից շատերը թարգմանված են և հայերեն, մասամբ հետագա դարերում. բայց կան և հնագույն թարգմանություններ, որոնց ձեռնարկած պիտի լիներ հենց Խորենացու օրով, գուցե նրա և իր ընկերների ձեռով Ալեքսանդրիայում: Այսպես այս քաղաքում նա ձեռք է բերել գիտությունների մեծ հմտություն և բազմակողմանի գիտական պատրաստություն, կամ, ինչպես ինքն իսկ այդ մասին հայտնում է «ամենիմաստ արուեստ և կատարելագոյն յարմարութիւն» (Գ. 68) և «ոչ անկատար վարժութեամբ» ավարտելով արվեստները՝ «ինքնացել էր», ասում է նա, այսինքն՝ անկախացել է ուսուցչից՝ հանդիսանալով նրա՝ «ոչ անարժան աշակերտը»:

«Երկայն ճանապարհներ» կտրելուց հետո՝ մեծ ոգևորությամբ շտապում են Բիզանդիոնով վերադառնալ հայրենիք և իրենց «արուեստը»