Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործադրել, բայց հասնում են այն ժամանակ, երբ վախճանված էին իրենց հովանավորող և առաջ քաշող Սահակն ու Մեսրոպը։ Նրանց ընդունող, քաջալերող և նյութական օգնություն տվող չի լինում։ Պարզ երևում է, որ Մ. Խորենացին և իր ընկերները եղել են ժողովրդի աղքատ դասի մարդկանցից, «որոց վտանգ և աղքատութիւն սեպհական է», — գրում է ինքն իր և իր ընկերների մասին (Բ. 92): Դրա համար և նա բողոքում է՝ գրելով. «Ո՞վ ոք ի ձէնջ թոշակս յաղագս մեր… ո՞վ ոք ի գալն մերում հանգիստ, ո՞վ ոք տուն կամ օթանոց մեզ պատրաստեաց» (Բ. 92)։ Ոչ միայն չեն օգնում նրանց, այլ, ընդհակառակն, նրանց ուսումը չեն հարգում, նրանց վրա ծիծաղում են, նրանց ծաղրում են։ Ոչ ոք չի սանձահարում, լռեցնում տգետների, ուսումնատյացների չար լեզուները։ Եվ այդ չափազանց շատ վրդովում է Մ. Խորենացու հպարտ սիրտը։ Նա անսփոփ ողբալով կանչում է. «Ո՞վ այսուհետև զմերս յարգեսցէ զուսումն. ո՞վ ուրախասցի ընդ յառաջադիմութիւն աշակերտիս, մասամբ յաղթահարեալ յորդւոյս» (Գ. 68)։

Այս վիճակը միայն Մ. Խորենացունը չի եղել, այլ 5-րդ դարի երկրորդ կեսին բոլոր այն մարդկանցը, որոնք հունական ուսում էին ստացած, աշխատում էին թարգմանություններ անելով՝ հունական գիտությունը պատվաստել հայերի մեջ։ Սխալ է նրանց «հունասեր» անվանել իբրև հունական, այսինքն հռոմեական պետական քաղաքականության կողմնորոշում ունեցողներ։ Նրանք «հունասեր» էին միայն իբրև հունական գիտության սիրողներ. թե չէ՝ նրանք հետևում էին ազգային հայկական կողմնորոշման, սկսած Մաշտոցից և սրա ժամանակից։ Բայց և այնպես՝ նրանք արհամարհվում և նույնիսկ հալածվում էին պարսկական կողմնորոշում ունեցողներից։ Փարպեցին իր «Թղթի» մեջ այդպիսի հալածվածներից մի քանիսի անունը տալիս է, նրանց թվում և փիլիսոփոս Մովսեսի։ Նրա հունարենի ձևով «փիլիսոփոս» մականունից երևում է, որ նա եղել է հունաբան դպրոցի հեղինակ։ «Փիլիսոփա» բառն այս ձևով՝ ասորերենից է անցել հայերենին։ Նրա մասին Փարպեցին գրում է Վահան Մամիկոնյանին (էջ 202). «Երանելի փիլիսոփոսն Մովսէս, որ արդարև մինչդեռ էր ի մարմնի՝ ցանկ երկնային զօրացն էր քաղաքակից. ո՞չ ապաքէն ի տեղւոջէ ի տեղի աբեղեանդ Հայոց հալածական արարին։ Ո՞չ զլուսաւորիչն և զտգիտահալած զգրեանն նորա՝ առ անգիտութեան փաթաղ-իկէս կոչէին. և այլ բազում ինչ իրօք թշնամանեալ՝ յետոյ ապա յաղագս այլոց ամօթոյ՝ զխաբէական զեպիսկոպոսաթիւնս նման դեղոց մահու արբուցեալ սրբոյն՝ հեղձուցին։ Որոյ ի ժամ վախճանին զի՛նչպիսի ահաւոր նզովս գրով ի վերայ գլխաւորաց քահանայութեանդ ասացեալ է՝ ձեզէն իսկ գիտէք տեղեկացեալք»։

«Փաթաղ-իկէս» ասորերեն բառը բացատրում են «աղճատ, աղավաղված, ապականված, թյուր» նշանակությամբ: Այդպես անվանել են փիլիսոփոս Մովսեսի գրքերն անպայման դրանց հունաբան լեզվի համար, տգետ աբեղաները ոչ միայն դրանց նորաձև լեզուն, այլև