Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սուրբ թագաւորացն պռոոյ սպաթար. ստացող էղէ՝ գրոց այսմ: Բայց զարմանալի է, ի նախնի յիշատակի գրոցս այսմիկ. եթէ՝ գրեցաւ գիրքս այս էակքս՝ հրամանաւ՝ թարգմանեալ ի յունաց ի հայս, տեառն Յովաննիսի հայոց կաթողիկոսի՝ գաբեղենացւոյ. ի իե (վարիանտ՝ ի իէ) [=25+551=576] թվականութեան հայոց։ Վկայէ այսմիկ սարկիս արաբացի եպիսկոպոս ճշմարիտ վկայութեամբ»։ Ֆրիդ. Կոնիբերը բերելով ամբողջը և այս հիշատակարանը՝ գրում է. «Այս անվավերականը բավական ապացույց է ցույց տալու, որ 576-ին Մովսեսն արդեն մեծ համբավ ուներ Հայոց աշխարհի մեջ, և իրեն ընծայվում էր այնտեղ արդեն մի Հայոց Պատմություն։ Այլապես անվավերականիս մեջ չէին կարող դրվել հետևյալ խոսքերը. «Խնդրեցին ի Մովսէսէ գ ր ո վ տալ ն ո ց ա զ Պ ա տ մ ո ւ թ ի ւ ն Հ ա յ ո ց։ Իսկ նա սկսեալ գ ր է ր զ Պ ա տ մ ո ւ թ ի ւ ն Հ ա յ ո ց, և այլ բազում արար քննութիւն պէսպէս ճառեալ ի տնօրէնութիւն փրկչին՝ և բազում ինչ արար և զքերականին մեկնութիւնն»:

Ֆրիդ. Կոնիբերի, մասամբ և ուրիշների հոդվածները շատերին համոզեցին, որ Ա. Կարիերի և ուրիշների կարծիքները թյուրիմացության արդյունք են և արդեն հերքված են: Բայց և այնպես Մ. Խորենացին նմանում է մի զրպարտված մարդու, որ ինչքան էլ արդարանում է դատարանով, դարձյալ անիրավորեն մի բիծ կրում է. զի լինում են, որ զրպարտության մասին լսել են, իսկ արդարացման մասին՝ ոչ, կամ թե մտածում են, թե ո՛վ գիտե՝ ինչպես է եղել արդարացումը: Եվ այս կարծիքին սիրով մնացին և մնում են նրանք, որ «ծայրահեղ կասկածոտություն» են ցույց տալիս դեպի Մ. Խորենացին և դեռ շարունակում են մի այլանդակ մեթոդով դատել նրա մասին: Նրանք մտածում են այսպես: Ինչ որ Մ. Խորենացին հիշում է, իսկ այդ իրենք չեն կարողացել ուրիշների մոտ գտնել, այդ նա, Խորենացին, կեղծած է: Իսկ ինչ որ Խորենացու հիշածներից գտել են հետագա դարերի հիշատակարանների մեջ, այդ էլ ապացույց է, որ Խորենացու Պատմությունն ուշ դարերի գործ է: Խորենացին, օրինակ (Բ. 86), գրելով վրացիների դարձի մասին, վերջում ավելացնում է. «որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս»։ Այդ չկա մեր այժմյան ունեցած Ագաթանգեղոսի մեջ. ուրեմն Խորենացին կեղծել է, ասում են Քերդողահոր քննափետողները: Նրանք չեն մտածում, որ հին պատմագիրների գրքերը, ինչպիսին են Ագաթանգեղոսի և Խորենացու Պատմությունները, դարերի ընթացքում փոփոխության են ենթարկվել. հանվել են դրանց միջից բաներ, կամ, ընդհակառակն, ընդմիջարկվել են նոր բաներ: Շատ բան այդպիսի «կասկածելի» համարվածներից Խորենացու Հայոց Պատմության մեջ՝ հետագայում ստուգվեց և ստույգ երևան եկավ: Եվ առհասարակ այդպիսի չափազանցություններն առիթ եղան, որ ավելի խորն ուսումնասիրություններ կատարվեն Խորենացու Պատմության մասին։ Այդպիսիներից, բացի վերևում բերվածից, իբրև օրինակ այստեղ հիշելի են երկուսը, մեկ՝ մեր Պատմագրի մեջ բերած ժողովրդական առասպելների մասին[1], որ Խորենացու հորինած կեղծիք էին համարում. մեկ էլ՝ որ ավելի կարևորն է՝ Մ. Խորենացու Հայոց Պատմության քննական հրատարակությունն ավելի քան 37 ձեռագիրների բաղդատությամբ[2]:

Այսպիսի դրական գործերի հետ, սակայն, դեռ շարունակվում է բացասական վերաբերմունքը դեպի մեր Պատմագիրը վերջին երեսուն տարիներում։ Բացասաբար վերաբերողները պետք է նախ մի բան արած լինեին, որ չեն արել. այն է՝ մի լիակատար ուսումնասիրություն այն քննությունների, որոնց հեղինակները Մ. Խորենացու ժամանակը 5-րդ դարից հետո են դնում։ Նրանք նախ պետք է ցույց տային, թե նախորդ բացասական կարծիքներից ո՛րն արդեն հերքված է և անպետք պիտի համարել, որը դեռ չի հերքված կամ թույլ է հերքված, ուստի և մնում է իր ուժի մեջ։ Բայց նրանք առանց այդ անելու՝ արդեն ապացուցված են համարում, թե Խորենացին 5-րդ դարի հեղինակ չէ, և ջանում են որոշել, թե նրան ո՛ր դարում պետք է դնել։

  1. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1899։
  2. «Մովսիսի Խորենացւոյ պատմութիւն Հայոց», Տփղիս, 1913, Մ. Աբեղյանի և Ս. Հարությունյանի աշխատությամբ։