Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխող տոհմի մասին գրել, «զորդի ի հօրէ ծննդաբանելով… իսկ զՀայաստանեայցս նախարարութիւնս, զամենեցուն զուստն և զզիարդն յայտնելով համառօտ» (Ա. 1): Նամակից քիչ առաջ էլ (Ա. 7) Պատմագիրը դիմելով Սահակ Բագրատունուն՝ ասում է հայոց պատմության համար՝ «Ըղձալին քո հասանիցեմք զրուցաց պատմութիւնն», իսկ նամակի մեջ (Ա. 9) նույն պատմության համար իբր Վաղարշակը գրել է իր եղբորը՝ «ըղձալին եղբոր քոյ»։

Մ. Խորենացին Մար Աբասից օգտվում է Ա. գրքի 9-րդ գլխից մինչև Բ. գրքի 9-րդ գլխի վերջը, ուր գրում է՝ «Աստանօր սպառին բանք ծերունւոյն Մար Աբայ Կատինայ»։ Այս հեղինակից օգտվելիս կա՛մ նրա անունն է տալի, կա՛մ նրան կոչում է՝ «պատմագիրն, նույն պատմագիրն, ժամանակագիրն կամ բազմահմուտ Ասորին». չի խորշում նույնիսկ միևնույն գլխի մեջ մի քանի տող հետո նրա անունը կրկնելուց։ Մար Աբասի համար, առանց անունը հիշելու, միայն «ասէ» բայը գործ է ածում Ա. 10. 11 և 12 գլուխների մեջ, բայց միշտ այն դեպքում, երբ վերևում մի երկու անգամ հիշել է նրա անունը և հայտնել, որ նրանից է քաղում։ Կան բաներ, որ մեր Պատմագիրն ուրիշ աղբյուրներից է առնում։ Այդպիսի դեպքերում, եթե նա այդ այլ աղբյուրների անունները չի հայտնում, գրում է անորոշ ձևերով՝ «ասեն», «ասին», «ասի», «որպէս լսեմք», «որպէս ասեն», կամ (Ա. 19) գրում է. «որ ինչ ի գրոց», «որ ինչ ի բանից արանց իմաստնոց և յայսոսիկ քաջախոհաց»: Ինչ որ Մ. Խորենացին Մար Աբասից քաղած է դնում, գրեթե բոլորը, երբեմն համառոտ ձևով, կա Սեբեոսի Պատմության[1] առաջին գլխի մեջ, որի աղբյուրն է «Մատեանն Մարաբայ փիլիսոփայի Մծուրնացւոյ»։ Իսկ որտեղ նա Մար Աբասի անունը չի տալի, քաղած է ուրիշ աղբյուրներից, այդ չկա Սեբեոսի Պատմության սկզբում[2]։ Այստեղ կարևոր չէ հիշել, թե Մ. Խորենացին ինչեր է առել Մար Աբասից իր Հայոց Պատմության մեջ։

Ի՞նչ ծագում ունի այդ Մար-Աբասյան պատմության բովանդակությունը։— Ինչքան էլ հիշված նամակի և Նինվեի պատմությունը կեղծիք լինի, պատմությունները լոկ մտացածին ստեղծագործություններ չեն։ Մենք արդեն տեսել ենք, որ Հայկի, Արամի և Արա Գեղեցկի մասին պատմվածքները հին առասպելներ են։ Դրանց աղբյուրը Մ. Խորենացու Պատմության մեջ՝ է Մար Աբասը։ Ինքը Խորենացին մի քանի անգամ հիշելով հանդերձ, թե այդ պատմություններն առնում է Մար Աբասից, մի տեղ (Ա. 14) պարզապես գրում է. «Որպէս Մար Աբաս Կատինայ պատմէ՝ ի փոքունց ոմանց և յաննշանից արանց, ի գուսանականէն այս գտանի ժողովեալ ի դիւանի արքունեաց»։ «Փոքր և աննշան մարդիկը» ոչ թե ժողովողներն են, ինչպես սխալ հասկացել են, այլ գուսանները, որոնց

  1. «Սեբէոսի եպիսկոպոսի Պատմութիւն», ի ձեռն Ստ. Մալխասեանց, Երևան, 1939։
  2. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1899, էջ 389—408։