բերանից, որ է՝ գուսանական երգերից ժողովված են այդ պատմությունները, և պահվում են «արքունի դիվանում»: Այս վերջինը հասկացվում է ոչ թե Նինվեի, այլ Հայոց թագավորների արքունի դիվանը Մծբինում։ Այս վկայությունը, որ վերաբերում է Հայկի և Արամի մասին պատմվածքներին, Խորենացին կարծես պատահաբար, այսպես ասած, գրչից փախցնելով, ակամայից է հաղորդում, և վերջը դրա համար, ի միջի այլոց, ապաշավում է գրելով. «Այլ զայս աւելորդ եղև մեզ երկրորդել»[1]։
6. Աղբյուրների գնահատություն։– Մ. Խորենացին պատմություն է գրում, և իբրև պատմիչ իր հասկացած կերպով մտածում է իր աղբյուրների հավատարմության մասին։ Այս հոգսը նա շատ ունի։ Այլ խնդիր է, թե որքան հաջողվել է նրան ստուգությանը հասնել։ Նա միայն «հավաստին», «ճշմարիտն» և «անսուտն» է ուզում գրել։ Նա առասպել է անվանում ամեն պատմություն, որ ճշմարիտ չէ, լինի ժողովրդական բանահյուսություն՝ երգ, զրույց, վեպ, Վիպասանք, առակավոր ասացվածք, թե իսկական առասպել— միթոս, թե ըստ կամս հերյուրած շինծու պատմվածք։ Նրա կարծիքով՝ հավաստի պատմությունն առասպել է դառնում, երբ պատմագիրներն իրենց ուզած ձևով փոփոխում են դեպքերի դասավորությունը, անունները, ժամանակը։ «Ըստ ախորժելոյ որպէս կամեցան իւրաքանչիւրքն (= առաջինքն ի վիպասանաց) փոփոխել զանուանս և զզրոյցս և զժամանակս»։ «Զհաւաստին որչափ կարացեալ ի բազմացն ընտրեալ բանից՝ կարգեցաք զծնունդս… որում ոչ զոք ընդդիմանալ կարծեմ ի միտս ունողացն. բայց եթէ զճշմարտութեանն ոք խորհելով քակել զոճ՝ յառասպելս զճշմարիտ բանս ախորժելով փոփոխել փութասցէ» (Ա. 6)։
Խորենացին իր դարի զավակն է. նրա համար ևս ճշմարիտ է ամենից առաջ Աստվածաշնչի պատմությունը և ապա սուրբ հայրերի գրությունները։ Իսկ արտաքին պատմագիրների մեջ կա բան՝ որ սուտ է, կա բան՝ որ ճշմարիտ է. «Երբեմն ճշմարտեն, երբեմն ստեն» (Ա. 6)։ Կրիտերիումը Ս. Գիրքն է։ Ինչ որ Ս. Գրքի համեմատ է՝ ճշմարիտ է, իսկ ինչ որ համեմատ չէ՝ սուտ է, առասպել է։ «Եւ սկսայց՝ յորոց և այլքն, որք յեկեղեցւոջ և ոյք ըստ Քրիստոսի, աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս, բայց եթէ զկնիսն՝ ժամանակս ինչ արդեօք և զարս յայտնիս, որում և աստուածայինքն ի ճահ գայցեն պատմութիւնք բանից» (Ա. 3)։ Այսպես, օրինակ, նրա համար առասպել չէ իր «սիրելի» և «քան զշատս արդարախօս Բերոսեան Սիբիլլայ» պատմածը, թե՝ «Զկնի նաւարկութեանն Քսիսութրեայ ի Հայս՝ Զրուանն և Տիտանն և Յապետոսթէ լինէին իշխանք երկրի». որովհետև այդ պատմությունը, թեպետ և տարբեր անուններով, Ս. Գրքի [Նոյի] պատմության նման է։ Իսկ նույն տեղում Զրադաշտի անվանելը Զրուանին (Սեմին) «սկիզբն և հայր
- ↑ Տե՛ս Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 581—590։