աստուածոցն»՝ առասպել է, որովհետև Ս. Գրքի համեմատ չէ: Այսպես և Տիտանի և Հապետոսթեի (Յապետոսթէի) կռվի մասին ընդդեմ Զրուանի՝ գրում է. «Զայսոսիկ այլ ոք թէպէտ առասպելս, թէպէտ ճշմարտութիւն հաշուեալ համարեսցի, բայց որպէս ես հաւանեալ եմ, բազում ինչ ճշմարիտ է»։ Եվ նա իր համոզմունքը հաստատում է դարձյալ Ս. Գրքով և Կիպրոսի Եպիփանոս եպիսկոպոսի «Հերձուածոցն յանդիմանութիւն» գրքով:
Մեր Պատմագիրը նման պատմություններից ճշմարիտ է համարում ոչ միայն այն, որ Ս. Գրքի համեմատ է, այլև այն, որ «ոճով» է գրված։ «Այլ հաւաստի մեզ թուեցաւ որ ի Մար Աբայն Կատինայն է քննութիւն քաղդեական մատենից քան զայսոսիկ. քանզի ոճով իմն ասէ և զպատճառս պատերազմին յայտնէ» (Ա. 18)։ Իսկ Հայկից Բագրատունյաց սերված լինելու մասին առասպելն անհավաստի է համարվում, «զի ի բայ բանից և անոճ իմն յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ» (Ա. 22)։ «Ոճով պատմել» նշանակում է՝ հայտնել տեղը, ժամանակը, պատճառը, գործող անձերը և «պերճ և ողորկ» ձևով մանրամասն հորինել։ «Բայց զի ոչ ճշմարտութեամբ և ոճով պատմէ, և ոչ զանուանսն նշանակէ կամ զտեղիս կատարմանցն՝ ոչ ինչ կարևորագոյն համարեցաք երկրորդել» (Բ. 75)[1]։
7. Ժողովրդական բանահյուսություն և Մ. Խորենացու հայացքն առասպելի վրա և առասպելների մեկնություն։— Չգտնելով պատմական աղբյուրներ Հայոց անցյալի մասին, Մ. Խորենացին դիմում է ժողովրդական բանահյուսությանը, որոնցով հայ ժողովուրդն եղել է հարուստ կամ, Պատմագրի բառերով, «արգասաւոր ի բանս» (Ա. 2)։ Նա օգտվում է դրանցից, հարկավ, իր հասկացած եղանակով և ըստ իր հայացքի ավանդական երգերի ու զրույցների վրա։
Ամենից առաջ նա, ինչպես և 5-րդ դարի մյուս գրողները՝ Եզնիկ, Ագաթանգեղոս, հետևող է Եվհեմերոս փիլիսոփային (Մակեդոնիայում 4-րդ դարի վերջերում մ. թ. ա.), որ այն տեսակետն է պաշտպանել, թե աստվածները սկզբնապես եղել են մարդիկ. նրանք իրենց մահից հետո ստացել են աստվածային պատիվ, և նրանց գերեզմանները դարձել են պաշտամունքի տեղ։ Այսպես, օրինակ, Խորենացին բերելով Վահագնի մասին առասպելը՝ եվհեմերական բացատրությամբ ավելացնում է. «Այլ ասեն զսա և աստուածացեալ» (Ա. 31)։ Ապա նա ժողովրդական բանահյուսության երկերի համար նույն մեթոդն է գործադրել, ինչ որ ընդհանրապես արտաքին գրավոր պատմությունների նկատմամբ— համեմատելով նույնացնել Ս. Գրքի բովանդակության հետ։ Այսպես, օրինակ, նա հայկական բանահյուսության Բելին, Հայկի ոսոխին, նույնացրել է Ս. Գրքի Նեբրովթի հետ. «Յայտարարութիւն սակաւուք, թէ ըստ արտաքնոցն ասացեալ Բէլդ՝ ըստ աստուածային բանից ճշմարտութեամբ է Նեբրովթ» (Ա. 7)։
- ↑ Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 71—76։