Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ վերջապես՝ ժողովրդական բանահյուսության համար Մ. Խորենացին ընդարձակ չափերով կիրառել է այլաբանական բացատրությունը, որ հները գործադրել էին իրենց առասպելների—միթոսների համար, իսկ հին քրիստոնյա մեկնիչները՝ Ս. Գրքի համար։ Նրա հայացքով՝ ժողովրդական բանահյուսության երկերն առասպել են, իսկ առասպելները մեծ մասամբ այլաբանություններ են, ուստի պետք է մեկնել կամ, իր բառով ասած, «յայտնել», այսինքն հայտնի դարձնել դրանց մեջ բովանդակված իսկությունը, ճշմարտությունը, կամ առասպելները «ճշմարտել», այսինքն ճշմարտանման դարձնել[1]։ Այսպես այլաբանություն են հունական առասպելները։ Թեև դրանք «պերճ և ողորկ» են, «հանդերձ պատճառաւ», ուրիշ խոսքով, «ոճով» են, բայց և այնպես դրանք էլ «զճշմարտութիւն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թաքուցեալ»։ Այսպիսի «այլաբանութիւն» է նրա համար, օրինակ, Պրոմեթեոսի առասպելը. «Եւ ընդէ՞ր… Պրոմեթէոս գողացեալ առ ի յաստուածոցն զհուր և շնորհեալ մարդկան,— որ է այլաբանութիւն,— ոչ բերէ ասել կարգ բանիս» (Ա. 7)։ Այլաբանություն են և պահլավիկների առասպելները (Բ. 70), ինչպես և (պարսից առասպելները), օրինակ՝ Բյուրասպ Աժդահակի առասպելը, որ համարում է նա «փծուն և անճոռնի», «անյարմար և անոճ բանք», այլև «անբանութիւն»։ Նրանց հերոսները «սուտ» են և հենց առասպելներն էլ են «առասպելք սուտք», «անմիտ և անհանճար բանից յարմարանք», որոնցով զբաղվելու պետք չկա։ Բայց և այնպես նա Բյուրասպ Աժդահակի առասպելներն ևս այլաբանություն ընդունելով՝ կարելի է համարում, թեպետ մեծ դժվարությամբ, մեկնել, կամ «պատճառս տալ անբանութեան նոցա, և զարդարել զանզարդսն». ուրիշ խոսքով, նորից «շարադրել» հունաց առասպելների պես «ոճով», «հանդերձ պատճառաւ», «միտս անմտութեան նոցա տալով», և «զկարի վաղուց նոցա իրս և նոցա անհասանելիս յայտնելով», այսինքն մեկնելով «անոճ» առասպելներից հանել այն, ինչ որ «հաւաստի» է[2]:

Խորենացին այդ անհասկանալի առասպելները մեկնում, կամ «անհասանելին յայտնում» է նախ Բյուրասպին կապելով աշտարակաշինության ժամանակի և Նեբրովթի հետ՝ իբրև պարսից «նախնի», Նեբրովթի իշխանության տակ, և այնուհետև ամենայն ինչ ժամանակի հասկացությանը հարմարեցնելով, գերբնականը բնականի վերածելով։ Բերենք առասպելի վերջին կտորը միայն իբրև օրինակ։ Առասպելի մեջ ասված է համառոտ, թե մանուկ սատանան Աժդահակի ուսերը համբուրում է և «անդուստ» վիշապներ են ծնվում կամ բուսնում. և այնուհետև Աժդահակի չարությունը շատանում է («չարութեան յաճախութիւն») և նա «ի պէտս որովայնի» մարդիկ է սպանում («ծախել»)։ Իսկ հետո Հրուդեն անունով մեկը նրան կապում է պղնձի շղթաներով և տանում դեպի Դըմբավընդ լեռը։ Ճանապարհին Հրուդենը ննջում է և Բյուրասպը քաշում է նրան դեպի բլուրը, բայց Հրուդենը զարթնում է և տանում է նրան լեռան այրերն ու կապում և իր արձանը կանգնում նրա

  1. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 77—95։
  2. «Ստորագրութիւն, որ ինչ սակս Բիւրասպեայ հաւաստին»։ Հմմտ. «Ի նոցանէ ինչ հաւաստին կարծեմք առնուլ» (Ա. 3)։