Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիմաց («զինքն-անդրի ընդդէմ նորա հաստատել»), որից սարսափելով, Աժդահակը՝ «հնազանդեալ կայ շղթայիցն» և չէ կարողանում ելնել և ապականել երկիրը: — Այս առասպելը Խորենացին մեկնում է այսպես. «Իսկ վիշապացն բուսումն, կամ կատարելապէս վիշապանալն Բիւրասպեայ, որ ասի, է այս», թե նա սկսեց անբավ մարդիկ զոհել դևերին [առասպելի մեջ՝ «ծախել զմարդիկ ի պ է տ ս ո ր ո վ ա յ ն ի»], մինչև որ ժողովուրդը (բազմություն) տաղտկացավ նրանից և հալածեց նրան, և նա փախաւ Դըմբավընդ լեռան կողմերը։ Նրան սաստիկ քշելուց՝ նրա մարդիկը [ամբոխ] ցրիվ եկան նրանից։ [Առասպելի մեջ՝ Հ ր ո ւ դ ե ն ը Ա ժ դ ա հ ա կ ի ն կ ա պ ա ծ տ ա ն ո ւ մ է ս ա ր ը]: Այս բանին վստահացած՝ նրան քշողները մի քանի օր հանգստացան այն տեղերում։ [Առասպելի մեջ Հրուդենը ճ ա ն ա պ ա ր հ ի ն ննջում է]: Իսկ Բյուրասպը ժողովելով իր ցրված մարդիկը, հանկարծ վրա է հասնում և սաստիկ վնաս է տալիս նրանց։ Առասպելի մեջ՝ Բ յ ո ւ ր ա ս պ ը ն ն ջ ո ղ Հ ր ո ւ դ ե ն ի ն դ ե պ ի բ լ ո ւ ր ն է ք ա շ ո ւ մ]: Բայց բազմությունը հաղթում է Բյուրասպին և նա փախստական է լինում. ետևից հասնում, սպանում են նրան և ձգում մի ծծմբի մեծ վիհ։ [Առասպելի մեջ՝ Հ ր ո ւ դ ե ն ը զ ա ր թ ն ո ւմ է և տ ա ն ո ւ մ Բ յ ո ւ ր ա ս պ ի ն լ ե ռ ա ն ա յ ր ե ր ն ո ւ կ ա պ ո ւ մ և այլն]:

Ինչպես կարելի է տեսնել, Խորենացին իր մեկնության մեջ, թեպետ և էականը պահելով, բոլորովին նոր բան է պատմում իրենից։ Նրա պատմածն այլևս առասպելի գույն չունի, այլ բնական իրողության։ Դուրս են ձգված կամ բնական, խելքի մոտիկ են դարձրած գերբնական և վիպական գծերը, ինչպես են՝ «վիշապաց բուսումն» կամ Բյուրասպի կատարելապես վիշապանալը, Հրուդենի «զինքն անդրի ընդդէմ նորա հաստատելը», Աժդահակի սարսափահար ու շղթայված մնալն այրումը և չկարողանալը դուրս գալ աշխարհն ավերելու. Հրուդենի ննջելը ճանապարհին, Աժդահակի նրան դեպի սարը քաշելը, փորի համար մարդիկ կոտորելը և այլն։ Բերած օրինակից շատ պարզ է, թե Խորենացին ինչպես է ըմբռնում առասպելները և ինչպես է մեկնում դրանք։

Նույնպես վարվում է նա և հայկական առասպելների վերաբերմամբ։ Հայոց Վիպասանքի բովանդակության մասին գրելիս (Բ. 49) նա հիշում է՝ «Եւ իբր տրփանք Սաթինկան ընդ վիշապազունսն առասպելաբար, այսինքն ընդ զարմս Աժդահակայ, որ ունին զամենայն զառ ստորոտովն Մասեաց»: Պատմագիրն այստեղ շատ որոշ գրում է, որ իբրև առասպել պատմվում է Վիպասանքի մեջ, թե Սաթինիկը վիշապազներ է սիրել։ Բայց նա ինքը, ինչպես բացատրական «այս ինքն» բառը ցույց է տալիս, «Վիշապազունք» հասկանում է իբրև «զարմք Աժդահակայ»։

Սաթինիկի այդ տրփանքը կամ սերն ուրիշ տեղ (Ա. 30) գրված է Արգավանի համար։ Ուստի և Արգավանը ներկայանում է իբրև վիշապազն։ Թե Արգավանը Վիպասանքի մեջ հանդես է եկել իբրև վիշապազն կամ նույնիսկ իբրև վիշապ, այդ երևում է նաև նույն տեղում բերած հետևյալ կտորից. «Այլ և ճաշ ասեն գործեալ Արգաւանայ ի պատիւ Արտաշիսի և խարդաւանակ լեալ նմին ի տաճարին վիշապաց»: Քանի որ Արգավանի այդ տաճարը, այսինքն ապարանքը, ուր ճաշն ու խարդավանքն է լինում, կոչվում է «տաճար վիշապաց», ապա և ինքն Արգավանն իբրև վիշապ է ներկայանում։ Նույն տեղում «Թուելեաց» երգերի, որ նույնն է Վիպասանքի, բովանդակությունը բերելուց հետո՝ Խորենացին ավելացնում է. «Եւ արդ՝ ո՞չ արդեօք առաւել աստանօր զարմասցիս ի վերայ մերոյ ճշմարտապատմութեանս, թէ ո՛րպէս յայտնեցաք զանյայտ իրս վիշապաց,