Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիտանները կամ Տիտանյաններն ապստամբում են Կրոնոսի, Զևսի հոր դեմ, բայց Զևսը կայծակներով զինված՝ նրանց գահավիժում է Տարտարոս: Նրանց պարտության վրեժը կամենում են առնել նրանց մոտիկ ազգականները, Գիգանտները, վիթխարի հասակով հսկաներ, որոնք իրենց ուժին ու հրեշավոր հասակին վստահացած, վերելակում են երկինք և փորձում են Զևսին վայր կործանել: Բայց սա նրանց մի քանիսին անդունդ է գլորում, ուրիշներին բանտարկում հրաբխային լեռների տակ: Գիգանտների գլխավորն է Տիփոն (Տիֆոն, Տիֆոս, Typhaeus, որ է իսկապես ծուխ արձակող, ծխող, և իբրև հասարակ անուն նշանակում է պտուտահողմ, կայծակնացայտ և որոտալիր ամպրոպ)։ Նա հրաբխային լեռների ու կորստաբեր փոթորիկների սիմբոլն էր․ ուներ հարյուր գլուխ և իր հարյուր բերանից բոց էր արձակում։ Զևսը նրան դնում է հրաբխային Էտնա սարի ծանրության տակ կամ, ըստ ուրիշների՝ Միջերկրական ծովի Ինարիմ կամ Էնարիա հրաբխային կզղու տակ, որտեղից նա շարունակում է բոց արձակել։ Տիփոնի զավակն է Քիմայրա, որ նշանակում է քաղ, մի հրեշ, որի երախից կրակ է դուրս հոսում։ Նա սիմբոլ է Լիկիայի մի հրաբխային լեռան։

Արդ հայկական Արամի կռիվը Տիտանյանների և Պայապիս Քաղեայ Տիտանյանի դեմ Մաժաքի (Կեսարիայի) կողմերում, ըստ Մարքվարտի, նույնն է, ինչ որ Զևսի կռիվը Տիտանյանների և Տիփոնի դեմ։ Այդ առասպելը հայերը յուրացրել են այն ժամանակ, երբ դեռ Կապադովկիայում էին ապրում։ Իլիականի մեջ արիմ-ների (որ է՝ հայերի) բնակության վայրը դրվում է այնտեղ, «ուր Տիֆոնի բնակատեղն է»։ Իսկ այդ համարում են Արգայոս հրաբխային լեռը Կեսարիայից (Մաժաքից) հարավ։ Կնշանակի՝ Զևսի և Տիտանների կամ Զևսի և Գիգանտների կռվի առասպելը, որ մեկնում են իբրև հրաբխային երևույթի առասպելական պատկերացում, պատմված է եղել նաև Արգայոս լեռան վրա։ Այդ կողմերում ապրող արիմներն այդ առասպելը կապել են իրենց նախնու Արիմ անվան հետ, իբրև Արիմի կռիվ Տիտանների կամ Գիգանտների դեմ։ Հետագայում Արիմ անունը դարձել է Արամ, թերևս ուրարտացոց վերևում հիշված Արամ թագավորի անվան հիշողությամբ կամ, հավանորեն, ազդեցությամբ Աստվածաշնչի մեջ հիշված «Արամ» անվան, որ է՝ արամեացոց — Ասորիքի և Միջագետքի բնակիչների — նախնին։ Բայց Տիտանների դեմ նրա կռվի վայրը դեռ հիշվում է նույն Մաժաքի մոտ տեղում, և նա հաղթում է Տիփոնի զարմ Պապայոս Քաղեայ Տիտանին, նրան «փախստական արկանելով ի կղզի ինչ Ասիական ծովուն», որ է Միջերկրական ծովը, ինչպես հունական առասպելի մեջ Զևսը Տիֆոնին դնում է նույն ծովի մի կղզու տակ։

Այսպես ուրեմն, Արամի այս առասպելի մեջ պահված է մի հիշողություն Կապադովկիայի կողմերում հայերի բնակված լինելուն։ Բնության առասպելն այստեղ ևս դարձած է հայոց նախնու մի կռիվ։ Այդ նախնին, Արիմ—Արամ, հանդիսանում է Հայկի մի երկրորդ տիպարը, իբրև Հայոց երկրի (հետն առած և Փոքր Հայք) սահմանների պաշտպան ընդդեմ օտարների։