և հնախօս սիրաբանից ստուգապէս տեղեկացեալ, արդարաբար քեզ զրուցեցաք» (Բ. 75): Այս վերաբերում է հաջորդ գրքին։
Երրորդ գիրքը՝ «Աւարտաբանութիւն մերոց հայրենեաց»՝ բովանդակում է Տրդատի մահից մինչև Մեսրոպի մահը։ Քննությունը ցույց է տվել, որ օգտվել է Փ. Բուզանդից, առանց նրա անունը տալու. բայց նաև ուրիշ աղբյուրներից:
Հայաստանի երկուսի բաժանվելուց հետո կատարված քաղաքական դեպքերի պատմության համար Մ. Խորենացու Պատմությունն առաջին աղբյուրն է։ Մեսրոպ Մաշտոցի և գրերի գյուտի պատմությունն ընդհանրապես նույն է Կորյունի պատմածի հետ[1]: Կորյունի անունն ևս չի հիշվում։ Երևում է, որ Խորենացին այդ պատմությունը լսել է նաև երկրորդ, երրորդ բերանից. ուստի մասամբ տարբերվում է Կորյունից, առանձնապես 53 գլխի պատմությունը՝ «Յաղագս Մեսրոպեան նշանագրացն, ի վերնոյն տուելոց շնորհաց»։ Այստեղ գրերի գյուտը մի տեսակ կիսահրաշ եղանակով է լինում։ Ժողովրդական համբավը 5-րդ դարում էլ արդեն կարող էր գործած լինել։
12. Պատմական արժեքը հնումն և նորումս։— Մ. Խորենացին, ինչպես ինքն ասում է, անհնարինը հնարավոր է դարձրել։ Չեղած տեղից ստեղծել է մի Հայոց Պատմություն, որ 1400 տարի, մինչև 1890-ական թվականներն, իշխել է իբրև հին իրականության անդրադարձում։ Սոսկ անուններն անգամ նրա ծննդաբանական ցանկերի մեջ՝ համարվել են իբրև մի ժամանակ ապրած հայ նախնի իշխողների՝ նահապետների ու թագավորների անուններ։ Հայոց պատմությունն ուսանում էին ըստ Մ. Խորենացու և նույնիսկ այն սոսկ անուններն անգիր անում շարքով։ Ինչի՞ մեջ է եղել նրա ազդեցության հիմքը։
- ↑ Սամոսատ քաղաքի անունը, ինչպես է Կորյունի մեջ, դարձած է «Սամոս», որ հասկացվում է Սամոս կղզին Փոքր Ասիայի արևմտյան կողմում։ Բայց Սամոս անունը պարզապես աղճատումն է Սամոսատ անվան։ Քանի որ ծովով այնտեղ գնալու համար՝ Եդեսիայից Փինիկե են գնում, դրա համար և սկզբնական բնագիրը՝ «Եւ անցեալ ընդ Եւփրատ՝ ի Սամոսատ դիմէ»՝ դարձել է՝ «Եւ անցեալ ընդ Փիւնիկէ՝ ի Սամոս դիմէ»։ Թե այստեղ աղճատում և փոփոխում կա, այդ երևում է նրանից, որ 57-րդ գլխում Սահակի թղթի մեջ գրում է, թե Մեսրոպը բերել է մեր նշանագիրները «բազում անգամ ճգնեալ դորա յԱսորւոց աշխարհին», նույնպես Թեոդոսի թղթի մեջ գրում է. «Եւ առաւել յայսմ մեղադիր եմք, զի արհամարհեալ զճարտարօքս, որ ի մերում քաղաքիս՝ յԱսորեաց ոմանց խնդրեցեր զիմաստից գիւտս… բայց զի յետոյ պատմեաց մեզ Մեսրոպ, եթէ կատարումն արուեստիդ ի շնորհաց վերնոյն եղև…»: Դարձյալ Ատտիկոսի թղթի մեջ. «Զիա՞րդ թողեր զաղբիւրն եկեղեցւոյ, զհայրն մեր սուրբ Յովհաննէս… Ոսկեբերան… կամեցայք ի սահանական ջրոց զփափագ ծարաւոյն յագեցուցանել, մինչև ամենակալին տեսեալ զսնոտի աշխատութիւն՝ բղխեաց ի ձեզ զշնորհս Հոգւոյն»։ Պարզ է, որ, ըստ Խորենացու, գրերի գյուտն եղել է Ասորիքում: Եթե Մ. Խորենացին գրած լիներ, թե գրերի գյուտն եղել է հունական Սամոս կղզում, նա իր շարադրած նամակների մեջ այդպես չէր գրիլ: Հայտնի է՝ Մ. Խորենացու Պատմությունն ուրիշ մասերում էլ աղճատվել է հապավումներով, փոփոխություններով և ընդմիջարկություններով: Սրանցից մեկն է և այս «Սամոս» անունն ու «Փիւնիկէ»։