Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր անցյալից ստեղծել օրինակելի քաղաքական տիպարներ, գովերգել անցյալի հերոսներին: Այդ նպատակից էին թելադրված Փ. Բուզանդի, մասամբ և Ագաթանգեղոսի հերոսական պատկերները ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Նույն նպատակի համար «Արգասաւորն ի բանս», դարձյալ ժողովրդական երգերից ազդված, անցյալի խավարից առաջ էր կոչել և կենդանացրել հայոց ամենամեծ արքայի կերպարն իր «չորս հագներգությունների» մեջ, որով հիացած էր մեր Պատմագիրը։ Նույնն անում է և ինքը Մ. Խորենացին: Նրա ժամանակ դեռ կենդանի էր հին հունական արվեստն ու դպրությունը, դեռ կար հեթանոսությունը, ուստի նրան, այդ կրոնավորին, չէր տատամսեցնում այն, որ իր փառաբանած հերոսները քրիստոնյա չեն եղել, որ նա հայրենասիրական հպարտությամբ հիշում է հին հեթանոս վիպական հերոսներին, արի ու քաջ տղամարդկանց, որ նա արտահայտիչ էր դառնում աշխարհիկ իդեոլոգիայի:

Ոչ թե Բագրատունիներին հռչակելու, այլ այս քաղաքական միտումն է, հուսադրությունը, ջերմ հայրենասիրությունը, որ սկզբից մինչև վերջն անց է կացրած Խորենացու Պատմության մեջ։ Սեր ծնեցնել դեպի հայրենիքը, սեր դեպի ազատություն, դեպի հայրենիքի բարգավաճումն արվեստներով, գիտությամբ, շինարարությամբ։ Այս նպատակին են ծառայում նրա մշակած կերպարները, և՛ Հայկը, և՛ Արամը, և՛ Տիգրանը, և՛ մյուսները։ Մեկը հիմնում է Հայաստան երկիրը. մյուսին վերագրվում է «ընդարձակել զսահմանս Հայոց յամենայն կողմանց», նա ջախջախում է այն սահմանակից ցեղերին, որոնք «քուշանաբար հինիւ սմբակակոխ արարեալ զսահմանս Հայոց» (Ա. 13)։ «Սա այր աշխատասէր և հայրենասէր եղեալ, — գրում է Քերդողն Արամի համար,— լաւ համարէր զմեռանելն ի վերայ հայրենեացն, քան թէ տեսանել զորդիս օտարածնաց կոխելով զսահմանս հայրենեացն և հարազատից արեան նորա տիրել արանց օտարաց»։ Ահա՛ թե ինչ գաղափարով է ոգևորված մեր Քերդողի հերոսը, որ նաև «հրաման տայ բնակչաց աշխարհին՝ ուսանել զխօսս և զլեզուս հայկական»։ Այդ, թեպետ ուրիշ պարագաների համար ասված, բայց եղել է ցավերից մեկը նրա ժամանակի, երբ օտարամոլները նույնիսկ իրենց լեզուն էին թողնում։

Ահա՛ թե ինչ է գրում նա, երբ պատմում է Հայկազանց տոհմի թագավորների մասին. «Ինձ ա՛յսոքիկ արք ի մերոց թագաւորաց են սիրելիք, որպէս բնիկք և իմոյ արեան առուք և հաւաստի հարազատք։ Եւ սիրելի էր ինձ՝ յայնժամ գալ Փրկչին և զիս գնել, և առ նոքօք յաշխարհ զմուտն իմ լինել, և նոցա տէրութեամբն խրախճանալ, և յարդեացս ապրել վտանգիցս։ Այլ վաղ ուրեմն փախեաւ ի մէնջ պատահումնն այն, թէ արդեօք և վիճակ։ Բայց արդ ես առ օտարաց թագաւորութեամբն կացեալ…» (Ա. 22)։ Ո՛րքան ճնշում է նրան, այդ հայրենասերի վշտահար հոգուն, օտարների իշխանությունը. «թագաւորք տիրեալք խիստք և չարաչարք, բեռինս բառնալով ծանունս և դժուարակիրս, հրամանս տալով