անտանելիս»,– գրում է նա իր վերջին Ողբի մեջ և մեծ դառնությամբ շարունակում գծել իր ժամանակի ամբողջ երկրի ողբալի դրությունն իր օրով օտարների թագավորության ժամանակ,- վտանգներով լի մի դրություն, որից կարելի էր ազատվել ըստ Պատմագրին, եթե լիներ Հայկազանց թագավորների նման սիրելի բնիկ թագավորների իշխանությունը, մի բնիկ արքա վիպական Մեծն Տիգրանի նման, որի դեմքն այնպիսի վառ գույներով երփնագրել է նա Պատմության մեջ։ «Սիրելի, որպէս ինձ պատմողիս ի մէջ իմոց բանից որ ինչ յաղագս Երուանդեանս Տիգրանայ բանք՝ եղիցի և քեզ ընթերցողիդ, որպէս այրն և գործք, այսպէս և զնմանէ բանք: Վասն որոյ սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան— Հայկ, Արամ, Տիգրան. քանզի ըստ քաջացն՝ ազգք քաջք» (Ա. 31): Եվ քաջ ու երկրի շինարարության համար մտածող են նրա պատմական անձերից շատերը, ոչ միայն վիպականները, այլև մյուսները։ Նրանք պիտի սիրելի լինեին ընթերցողին հայրենիքի թշվառության ժամանակում։ Նրանց պատմությամբ պիտի ոգևորվեին։ Երրորդ գրքի սկզբում գրում է, թե Պատմությունը հորինում է «հասարակաց խօսիւք», «որպէս զի մի՛ ոք երևեսցի ի պերճաբանութիւնս գրաւեալ առ փափագ, այլ ճշմարտութեան բանից մերոց կարօտեալ՝ ստէպ ստէպ և անյագ առնիցեն զընթերցումն պատմութեանց մերոց հայրենեաց»։
Այս է եղել Մ. Խորենացու միտումն ու նպատակը, գաղափարն ու ձգտումը։ Եվ նա հասել է իր նպատակին: Դարեր շարունակ կարդացել են նրա գիրքը, ոգևորվել նրա անկեղծ հայրենասիրությամբ:
Այս նպատակին հասնելու համար՝ պետք էր ոչ լոկ պատմություն հորինել, այլ բանաստեղծորեն գրել, կամ հորինել բանաստեղծական պատմություն, ստեղծել հայրենասիրական կերպարներ։ Եվ իրոք, Մ. Խորենացու Պատմության մեջ կան մի շարք հատվածներ, որոնք իսկական փոքրիկ բանաստեղծական պատումներ են, և ամբողջ երկն էլ ընդհանրապես գեղարվեստորեն է հորինված։
Առնենք այստեղ սկզբի զրույցը Հայկի մասին։ Ինչպես որ այս հերոսի անվան հետ կապված է հայ ազգի կոչումը, նույնպես և նրա զրույցի մեջ գեղարվեստորեն բյուրեղացած է հայ ժողովրդի պատմության էական կողմը, նրա ինքնապաշտպանական դարավոր մաքառումն ընդդեմ դրսից հարձակվող թշնամիների։ Հայկի պատումը, դա նախատիպն է մեր ուրիշ ժողովրդական վեպերի և շատ բանաստեղծությունների մինչև այսօրվան օրս. դրանց թեման բուն գաղափարն է՝ օտար բռնակալին դիմադրել, պաշտպանել հայրենի երկիրը։ Եվ Մ. Խորենացին մեծ ճարտարությամբ այս է դրել Հայոց պատմության և ազգի սկիզբ, մի շատ հարմար նյութ ոչ միայն նրա համար, որ այդ առասպելի մեջ, ինչպես տեսել ենք, երևում է մեր պատմության հնագույն շրջանի հիշողությունը, այլև հենց իր այս իդեայի տեսակետով։
Թե ինչպիսի՛ է եղել Խորենացու աղբյուրի մեջ այս առասպելը, մենք այդ չգիտենք։ Հավանորեն մի փոքրիկ, պարզ պատմվածք, ինչպես