սովորաբար են ժողովրդական զրույցներն և առասպելները: Խորենացու գրչի տակ դա դարձած է ճոխ ու գեղարվեստական ձևով մի բանաստեղծություն, մի զարդարուն «ոճով» հոյակապ պատմվածք, պարզ, բայց ուժեղ գործողությամբ, ամբողջը հեթանոսաբար ստեղծագործված։ Գործող անձերը պատկերացված են կամ վատ կամ լավ կողմից. բնականաբար թշնամի հսկան, Բելը, նկարագրված է վատ կողմից։ Նա մի ամբարտավան բռնակալ է, անհեդեդ վիթխարի մի հսկա, որին հաջողվել է բռնությամբ տիրել երկրին և ստրկացնել իրեն բազմաթիվ անհուն խոլ և ուժավոր հսկաներ, երկայնադեզ հասակ ունեցող կռվողներ։ Նա չի կարողանում տանել, որ մեկն իր իշխանությանը չհնազանդվի։ Թեպետև իր հետ ունի ընտիր և զինված հսկա կռվողներ, բայց և այնպես նա վախկոտ է և մարտի դաշտից փախչում է, չուզելով դեմ առ դեմ հանդիպել թշնամուն, այլ հույսը դնում է միայն իր զորքի բազմության վրա։ Հայկն, ընդհակառակն, մի անվանի և կորովաձիգ դիցազն է, գեղապատշաճ և անձնյա, պատկերացվում է իբրև քաջության և ազատասիրության մի կատարելատիպ։ Նա դիմադրում է այն ամենքին, «որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ ամենայն սկայիցն և դիւցազանց». դեմ է կանգնում բռնակալ Բելին։ Վերջը չկամենալով ենթարկվել նրան՝ ավելի լավ է համարում հեռանալ և ցուրտ կողմերում ապրել, քան ուրիշների պես ստրկանալ նրան։ Նա չնայելով իր մարդկանց սակավությանը՝ անվախ դուրս է գալի Բելի դեմ, զի լավ է համարում մեռնել, քան հպատակվել բռնակալին: «Կա՛մ մեռցուք,— ասում է նա,— և աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ՝ ցրուեսցի ամբոխն, և մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք» (Ա. 11): Այսպես մի կողմում հարձակվող, բայց վախկոտ բռնակալն է իր «անկարգ հրոսակի, ամբոխի բազմությամբ», մյուս կողմում պաշտպանվող անվեհեր հայր դիցազնը՝ իր սակավաթիվ որդիներով։ Եվ աղեղնավոր Հայկը «յառաջ վարէ զինքն, մօտ հասանէ յարքայն, լի քարշէ զլայնալիճն, դիպեցուցանէ զերեքթևեանն կրծից տախտակին, և շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ՝ յերկիր հարստի սլաքն. և այսպէս ճոխացեալն Տիտանեան կործանի յերկիր զարկուցեալ, և փչէ զոգին։ Իսկ ամբոխն տեսեալ զայսպիսի ահագին գործ քաջութեան՝ փախեան իւրաքանչիւր դէպ երեսեաց իւրեանց»: Հիշենք մեր նոր վեպից՝ հարձակվող Մսրամելքին իր զորքի բազմությամբ ու պաշտպանվող մենամարտիկ Դավթին։
Հայկի վեպը, ծագած լինելով գուսանականից, բնականաբար այս կամ այն տարրերն ունի ավանդական բանահյուսությունից։ Այսպես՝ դրա սյուժետն իր էական կողմով մի այնպիսի պատմվածք է, որ, ինչպես տեսել ենք, շատ տարածված է։ Դրա ընդհանուր վիպական գույնն ևս, անշուշտ, մասամբ ծագում է սկզբնական աղբյուրից. բայց շատ բան պարզապես Խորենացու մշակածն է, և այդ մշակումը կատարված է մեծ հմտությամբ և արվեստով թե՛ գործողության ընդհանուր զարգացման և թե՛ մասերի մեջ: Սկզբից մինչև վերջը պատմվածքը տրված է ավանդական